19/03/2022 16:27
Պետք է շատ կարևոր մի բան հասկանանք՝ Ռուսաստանին պետք է գործընկեր, ոչ թե վասալ․ Արտակ Զաքարյան
«Փոխվելու են ամբողջ արտաքին քաղաքականության և աշխարհակարգի կանոնները։ 1974 թվականին ստեղծված եվրոպական անվտանգային ճարտարապետությունը, որը հայտնի է որպես Հելսինկյան եզրափակիչ ակտով ամրագրված դրույթներ, սկզբունքներ, այլևս չի գործելու: Չի բացառվում, որ վերանայումներ լինեն ՄԱԿ-ի ԱԽ մշտական կազմում, ԵԱՀԿ-ում, ՆԱՏՕ-ում։ Վստահ եմ՝ վերանայվելու է ՆԱՏՕ-ի կազմը, ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ վերանայելու են իրենց ռազմական բաղադրիչը»,- «Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը. մեր տեղը նոր աշխարհակարգում» համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախպարար Արտակ Զաքարյանը։
Նրա խոսքով՝ միաբևեռ աշխարհն այլևս չի լինելու, գործելու է բազմաբևեռ աշխարհի տրամաբանությունը։
«Խիստ կարևորվելու է Չինաստանի դերակատարությունը, մեր տարածաշրջանում սրվելու է Իրանի և Թուրքիայի մրցակցությունը։ Այս ամենը մեծ կամ փոքր չափով վերաբերում է մեզ։ Ինչպես ասում են՝ աշխարհի պրոբլեմները քիչ են, մեր իշխանություններն էլ տգետ, դավադիր ու կապիտուլյանտ են։ Այսինքն՝ ամենավատ պատմական ժամանակահատվածում ենք մենք ապրում, և այս ամենից պետք է շատ լուրջ հետևություններ անենք։ Մենք աշխարհը, աշխարհակարգը չենք կարող փոխել և հարմարեցնել մեզ, բայց գոնե մեր ներսը պարտավոր ենք կարգի բերել, որ ցանկացած՝ և՛ ամենավատ, և՛ ամենալավ զարգացմանը պատրաստ լինենք»,- ընդգծեց Զաքարյանը։
Սրա նախապայմանն, Արտակ Զաքարյանի խոսքով, իշխանափոխությունն է Հայաստանում։
«Սրանք նոր աշխարհակարգի, հետպատերազմյան Հայաստանի նոր լրջագույն պրոբլեմների լուծման հետ որևէ կապ, որևէ առնչություն չունեն․ հակառակը, ավելի են խորացնում ու վատացնում մեր պետության վիճակը»,- ընդգծեց նա։
Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաև գործող իշխանության սխալ քաղաքականության հետևանքներին ու ռիսկերին։
«Պատերազմ, «իզգոյի» կարգավիճակում հայտնվել՝ մերժված լինել և ՛Ռուսաստանի, և՛ Արևմուտքի կողմից, զրկվել տնտեսական զարգացման հնարավորություններից, պարենային անվտանգության հարցերում հայտնվել վերջին վագոնում ․ այսինքն՝ տակը ինչ մնա՝ կտան, կամ չի մնա, չեն տա։ Կամ էլ կհայտնվենք ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի սոցիալական երրորդ, չորրորդ երկրների ցանկում, երբ ասում են՝ մի բան տվեք՝ ուտենք, չմեռնենք, մինչև տեսնենք՝ ինչ է լինում։ Սրան են տանում սրանք»,- ասաց Զաքարյանը։
Ի տարբերություն այն ժամանակաշրջանի, երբ Հայաստանը միջազգային ասպարեզում գործոն էր և դերակատար, այժմ, ըստ Զաքարյանի, ոչ միայն այդպիսին չէ, այլև չի կարողանում ապահովել անգամ սեփական անվտանգությունը։
«Մենք և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգության հարցը, և՛ մեր ռազմաքաղաքական բոլոր հավասարակշռություններն իրականացրել ենք միջազգային համագործակցության մեջ՝ հատկապես հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության միջոցով, հատկապես երկկողմ ակտիվ հարաբերություններով՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, հատկապես տարածաշրջանում մեր ունեցած կարևոր դերակատարությամբ։ Այս ամենն այսօր չկա, այսինքն՝ Հայաստանն այս պահին չի լուծել իր անվտանգության խնդիրը։ Մենք նույնիսկ չունենք ազգային անվտանգության փոփոխված հայեցակարգ, և որևէ մեկը չի էլ մտածում դրա մասին»,- շեշտեց Զաքարյանը։
Նա նշեց նաև՝ արտաքին քաղաքականությունում հայ-ռուսական համագործակցության ռելսը մեզ համար պետք է լինի առաջնորդող, մնացած բոլոր ռելսերը՝ զուգորդող։
«Մենք պետք է նաև մի շատ կարևոր բան հասկանանք՝ Ռուսաստանին պետք է գործընկեր, ոչ թե վասալ»,- ամփոփեց Արտակ Զաքարյանը։