19/03/2022 10:00
ՄԱԿ-ի բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել՝ արդյոք լեգիտիմացնում են Շուշիի բռնազավթումն ու այսօր էլ իրականացվող ադրբեջանական հանցագործությունները. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հիշեցրել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերն ու ընդգծել, որ Գուտերեշի խոսքերն ու իրականությունն ամբողջովին այլ է:
« «Ի վերջո, ամեն ինչ հանգում է արժեքներին [...] Մենք ցանկանում ենք մեր երեխաներին ժառանգել աշխարհ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված արժեքներով՝ խաղաղություն, արդարություն, հարգանք, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն և համերաշխություն». ՄԱԿ-ի պաշտոնական կայքում հենց այսպես է ներկայացնում կառույցի առաքելությունը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Այնինչ, իրականությունն ամբողջությամբ այլ է: ՄԱԿ-ը իր մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներով խաղաղության և մարդու իրավունքների, հանդուրժողականության և համերաշխության դեմ ուղղված հանցագործությունների հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Շուշիում մոտ 5000 անտուն մնացած շուշեցիների աչքի առաջ նշում է հանցագործ երկրի հետ իր համագործակցության 30 տարին։
Սա այն դեպքում, երբ 30 տարի շարունակ, տրվելով Ադրբեջանի սադրանքներին, ուղիղ անտեսել է Արցախի ժողովրդի իրավունքները, անտարբերություն ցուցաբերել Ադրբեջանի ԽՍՀ տարբեր քաղաքներից անտուն ու անօթևան մնացած հազարավոր փախստականների նկատմամբ, լռել 44 օր շարունակ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների մասին, և այսօր էլ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանված 40 000 մարդկանց։
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, անդամ երկրները, Շուշիում կազմակերպված միջոցառմանը մասնակից ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների բոլոր պատասխանատուները պարտավոր են պատասխանել՝ արդյո՞ք սրանք են իրենց դավանած արժեքները, արդյո՞ք իրենց այցով լեգիտիմացնում են հայկական Շուշի քաղաքի բռնազավթումը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացված և այսօր էլ իրականացվող ադրբեջանական հանցագործությունները», - հայտարարել է Արցախի ՄԻՊ-ը: