19/03/2022 18:15
Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Տարբեր տարիքային խմբերում եզրափակիչ փուլի հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետը պարգևներ է հանձնել նաև ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին:
Տարբեր տարիքային խմբերում եզրափակիչ փուլի հաղթողներին մրցանակները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարչապետը պարգևներ է հանձնել նաև ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին:
Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել է մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ: «Ցանկանում եմ շնորհավորել մրցաշարի բոլոր մասնակիցներին, հաղթողներին, մրցանակի արժանացածներին: Ուզում եմ ուրախությունս արտահայտել, որ գաղափարը, որի մասին մենք խոսում էինք ամիսներ առաջ, հիմա տեսնում ենք իրագործված:
Ուզում եմ արձանագրել, որ այս մրցաշարերը, որոնք կրում են «Վարչապետի գավաթ» անվանումը, լինելու են շարունակական: Սա ասում եմ՝ հաջորդ մրցաշարերի պոտենցիալ մասնակիցներին լուրը հասցնելու համար: Այսինքն՝ սրանք ավանդական մրցաշարեր են, մի տարի չեն տևելու, շարունակական են լինելու: Հույս ունեմ, որ ինչպես խոստանում են անմիջական կազմակերպիչները, ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա: Ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել տարիքով ամենաավագ մասնակիցներին, որոնք իրենց օրինակով ցույց են տալիս, քաջալերում են երիտասարդներին, որ այս մրցաշարերին պետք է մասնակցել, առողջ ապրելակերպն են քարոզում Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այս մրցաշարերը ունեն կարևոր նպատակներ, որովհետև օգնում են կառավարության ծրագրում արձանագրված ռազմավարական խնդիրների կյանքի կոչմանը: «Մենք ջանքեր պետք է գործադրենք մեր ռազմավարական նպատակների իրագործման ուղղությամբ. այն է՝ առողջ ապրելակերպի խթանում, սպորտի զարգացում: Ճիշտ է, մեր մրցաշարերը սիրողական բնույթ ունեն, բայց սիրողական սպորտի մասսայականությունն է, որ հաջողություններ է բերում պրոֆեսիոնալ սպորտում:
Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, ասել, որ մենք դեռևս չկազմակերպված ևս երկու մրցաշար ունենք: Մեկը՝ լողի մրցաշարն է, որ ամռանը՝ արդեն հուլիսին, տեղի կունենա Սևանա լճում, և ես պոտենցիալ մասնակիցների ուշադրությունն եմ կրկին ուզում հրավիրել: Մենք, կարծես թե, քննարկում ենք ևս մեկ մարզաձև, ևս մեկ մրցաշար ավելացնելու ուղղությամբ: Խոսքը պտտաձողի վրա ձգումներ իրականացնելու մրցաշարին է վերաբերում: Թերևս երկամարտ կլինի, կլինի պտտաձողի վրա և գետնից ձգումներ իրականացնելու մրցաշար, որը կլինի մեր այս մրցաշարերից հինգերորդը:
Եվ եթե մենք տեսնենք, որ հաջող է ընթանում, իսկ այս պահի դրությամբ տեսնում ենք, որ հաջող է ընթանում, կազմակերպվածության մակարդակն ամեն մրցաշարում ավելի հղկված է լինում, թերևս չի բացառվում, որ այլ մրցաշարեր նույնպես նախաձեռնենք, որպեսզի նաև ոչ պրոֆեսիոնալ մարզիկների համար հնարավորություն լինի իրենց դրսևորել, մրցակցության մեջ մտնել, պայքարել, հաղթել, ուրախանալ և ուրախացնել:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այսօրվա եզրափակչի մասնակիցներին, որովհետև այստեղ գտնվելու ժամանակը, իրոք, վայելեցինք, տեսանք հաղթելու շատ հետևողական ձգտում, տեսանք համառ պայքար, տեսանք արդար պայքար»,- նշել է վարչապետը:
Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Արցախի Հանրապետությունում երկու տարիքային խմբերում 1-ից 3-րդ տեղեր զբաղեցրած տղամարդիկ և կանայք: Յուրաքանչյուր մարզ ներկայացված է եղել 12 մասնակցով: Եզրափակիչ մրցաշարին մասնակցել են նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, այդ թվում՝ դեսպաններ:
Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցներն ստացել են դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև գավաթներով և մեդալներով:
Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ ստացել են 80 մասնակից: 1-ին տեղի համար սահմանված է եղել 1.000.000 դրամ մրցանակ, 2-րդ տեղի համար՝ 600.000 դրամ, 3-րդ տեղի համար՝ 400.000 դրամ, 4-րդ տեղի համար՝ 150.000 դրամ, 5-րդ տեղի համար՝ 100.000 դրամ, 6-10-րդ տեղերի համար՝ 75.000-ական դրամ, 11-20-րդ տեղերի համար՝ 50.000-ական դրամ: