21/03/2022 19:30
Այսօր ինքն իրեն ազգային խոհանոցի ջատագով է համարում և կուրծք է ծեծում մարդ, ով անձամբ շաուրմայանոց ունի. ավանդական խոհանոցը պետք է փրկել այլասերումից. Սեդրակ Մամուլյան
Aysor.am-ի թղթակիցն ազգային խոհանոցի պահպանման և հանրահռչակման թեմայով զրուցել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանի հետ:
- Պարոն Մամուլյան, մեր օրերում, երբ ռեստորաններում և սննդի այլ օբյեկտներում հաճախորդներին տարատեսակ ուտեստներ են առաջարկվում, հե՞շտ է այդ բազմազանության մեջ դեմքը չկորցնելը, հայկական ավանդական ուտեստների բաղադրատոմսերը մոռացության չտալը։
- Շատ դժվար հարց է։ Այսօր ինքն իրեն ազգային խոհանոցի ջատագով կամ վերականգնող է համարում, կուրծք է ծեծում մարդ, ով անձամբ շաուրմայանոց ունի։ Բայց հանուն ազգի՝ հնարավոր չէ՞ շաուրմայանոցներ չբացել։
Ինչ վերաբերում է մեզ, մենք 15 տարի ազգային խոհանոցի պահպանությամբ ենք զբաղվում՝ մեր ուժերի սահմաններում հանրահռչակելու հին հայկական կերակրատեսակները։ Բայց միայն մեր ջանքերը ոչ միայն բավարար չեն, այլև անչափ քիչ են։ Ազգային խոհանոցի ուսումնասիրման, վերականգնման և այլասերումից փրկության պայքարի մեջ մենք հասկացանք, որ կտրատված, տեղային կամ սեզոնային մոտեցումներն արդյունք չեն տալիս։
Մեր շատ լավ բարեկամ, լուսահոգի Կարեն Վարդանյանի խորհրդով արդեն 3-րդ տարին է՝ հստակ և ընդգրկուն նախագիծ՝ «Ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգ»ենք մշակել։ Սակայն 44-օրյա պատերազմի արհավիրքը խանգարեց, որ այն ներկայացնենք ԿԳՄՍ նախարարությանը։ Մյուս կողմից՝ չենք էլ շտապել, քանի որ այս ծրագիրը մասնագետների կողմից լավ փորձաշրջան է անցել։ Հիմա պայմանավորվածություններ ունենք, կհանդիպենք պատկան մարմինների հետ և կներկայացնենք մեր տեսլականը։
Այլապես տեսնում ենք, որ հայկական խոհանոցի անվան տակ ռեստորաններում առավելապես խորոված-քաբաբ-խինկալի-շաուրմա են մատուցում։ Այսինքն՝ ռեստորանների մեծ մասը կերպար չունեն։ Ես 10 տարուց ավելի ես ռեստորան ունեի։ Երբեք հայկական ավանդական խոհանոցից շեղում չարեցի՝ շատ դեպքերում ի վնաս մեր բյուջեի, բայց իրավիճակը, կրկնում եմ, միայն մեզնով չի շտկվի։
- Այսինքն՝ գտնում եք, որ ազգային խոհանոցի պատշաճ պահպանումը պետք է պետական մակարդակով իրականացվի։
- Այո՛, անպայման։ Մենք դրա փոքր մոդելը, ինչպես ասացի, տարիներ շարունակ անում ենք։ Մենք գտնում ենք, որ սնվելու, հայկական խոհանոցի պահպանման մշակույթին մատաղ սերնդին պետք է ծանոթացնել դեռ մանկապարտեզից և դպրոցից։ Մեր վաղվա սերունդը պետք է տեղյակ լինի հայկական խոհանոցից։
Բացի այդ՝ մեր մշակած ռազմավարական հայեցակարգում կարևորում ենք մասնագիտական կրթությունը մինչև բակալավրի աստիճան հասցնելը։ Խոհարարի մասնագիտության կրթական համակարգը պետք է ամբողջովին փոխվի։
Պետք է անպայման ազգային խոհանոցի թանգարան լինի, խոհանոցն ամրագրվի պետականորեն՝ մանկական սնունդ, դպրոցական սնունդ, մարզական սնունդ, զինվորական և պաշտոնական ընդունելություններին մատուցվող սնունդ։ Այս ամենը պետք է մշակվի և դասակարգվի։ Պարտադիր պետք է բոլոր երկրներում, որտեղ ունենք սփյուռք և եկեղեցի, պետք է շատ մեծ թափով ներկայացվի նաև հայկական խոհանոցը, որովհետև այդ բնագավառի մասին տեղեկացվածությունը շատ փոքր է՝ ինչպես դրսում, այնպես էլ մեզ մոտ՝ Հայաստանում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։