21/03/2022 18:10
Եթե տանը երեխայի միակ հետաքրքիր զբաղմունքը սմարթֆոնն է՝ մեղքի մեծ բաժինը ծնողներինն է
Գաջեթները լրջորեն խոչընդոտում են երեխաների բնականոն զարգացմանը, չափից շատ օգտագործումը հանգեցնում է ուշադրության, կենտրոնացման խնդիրների, խոսքի ուշացման, ասում է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի մանկական հոգեբան Սաթենիկ Մկրտչյանը։
«Եթե երեխային ընտրության հնարավորություն տրվի, ապա, այո, երեխաները կընտրեն բնական խաղերն ու շփումները. գաջեթները զրկում են երեխաներին հույզերից։ Մինչև 2.5 տարեկան երեխաներին առհասարակ գաջեթներին մոտ թողնել չի կարելի, փոքրիկին մուլտֆիլմերով զբաղեցնելը վնասում է երեխայի առողջությունը»։
Մասնագետն ասում է՝ երկրորդ, երրորդ դասարանի երեխան գաջեթի կարիք չունի, բայց ծնողները տալիս են, որովհետև բոլորն են այդ կերպ վարվում։ Եթե ծնողն, այնուամենայնիվ, որոշում է հեռախոս չտալ, ապա պետք է անպայման երեխային բացատրի պատճառները։
Սմարթֆոններ առհասարակ չտալը խելամիտ չէ. ժամանակները որոշիչ են, իհարկե չի նշանակում, թե պետք է ոչ ընդունելի, վտանգավոր հոսքին հետևել, բայց կարևոր է նաև օգնել երեխային սոցիալիզացվել, չառանձնանալ, չմեկուսանալ։ Եթե դասարանում միևնույն ֆիլմն են դիտում, երեխային արգելել այն դիտել, լուծում չէ. եթե որևէ բան արգելվում է, պետք է ստեղծվի այլընտրանք, որ երեխան իմաստների խնդիր չունենա։ Ծնողը պետք է ֆիլտրի երեխայի ընտրությունը, որոշի թույլատրելիի սահմանը, քննարկի երեխայի հետ և անպայման միասին պայմանավորվեն։
Որպես լուծում հոգեբանը հորդորում է ծնողներին հաճախ զրուցել երեխաների հետ, հասկանալ նախասիրությունները, հետաքրքրությունները, ըստ այդմ կազմակերպել զբաղվածություն՝ խմբակներ, հասակակիցների հետ խաղեր, շփումներ՝ այնպես որ երեխան ժամանակ չունենա գաջեթների մասին մտածելու։ Երեխայի համար սթրեսային է, երբ այլընտրանքի հնարավորություն չի տրվում և մի բան էլ ձեռքից վերցնում են հետաքրքրության միակ աղբյուրը։
Երբ երեխան անդադար, մշտական մղում ունի դեպի գաջեթները, հրաժարվում է այլ զբաղմունքներից, սնվելուց, դաս սովորելուց, նշանակում է կախվածություն է առաջացել։
Հոգեբանը կարևորում է մեծահասակների օրինակը. «Եթե ծնողն արգելում է երեխային խաղեր խաղալ, բաց ինքը ողջ օրը դրանով է զբաղված, այլ վարք երեխայից ակնկալել չարժե։ Տան մթնոլորտը պետք է տրամադրի երեխային շփումների, եթե տանը երեխան ձանձրանում է և հետաքրրության միակ աղբյուրը գաջեթն է, մեղավոր են ծնողները»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։