21/03/2022 20:49
Ադրբեջանն առաջարկում է հարաբերությունների կարգավորումը դիտարկել արցախյան խնդրից առանձին, իսկ Հայաստանը պետք է հանդես գա սեփական առաջարկներով. քաղաքագետ
Երբ մի կողմից ՀՀ արտգործնախարարը հայտարարում է, որ Ադրբեջանին ուղղված մեր պատասխաններում առանցքային ենք համարում արցախահայության իրավունքները և Արցախի կարգավիճակի հարցը, իսկ մյուս կողմից Ադրբեջանն այս մասին լսել անգամ չի ուզում, ստացվում է, որ գործ ունենք հակամարտության՝ փուլային-փաթեթային կարգավորման փորձի հետ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
«Այսինքն՝ Ադրբեջանն առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դիտարկել արցախյան խնդրից առանձին, մինչդեռ հայկական կողմի պատկերացումն այն է, որ նման բան չի կարող լինել, որովհետև այդ հարաբերությունները մեծապես կախված են Արցախի հարցից», - նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի համոզմամբ՝ հայկական կողմի դիրքորոշումն ավելի շատ է համընկնում միջազգային հանրության դիրքորոշման հետ, որովհետև միջազգային հանրությունը համարում է, որ Արցախյան հիմնախնդիրը վերջնականապես կարգավորված չէ։
«Միջազգային հանրությունն ասում է՝ այսպիսի խնդիր կա, Ադրբեջանն ասում է՝ այդպիսի խնդիր չկա։ Հիմա, հնարավո՞ր է հարաբերությունների կարգավորում, թե՞ հնարավոր չէ. տեսականորեն, իհարկե, հնարավոր է, որովհետև մենք կարող ենք հայ-ադրբերջանական հարաբերությունները կարգավորել՝ ի պատասխան իրենց առաջարկների՝ մի քանի առաջարկ էլ ինքներս ներկայացնելով։
Այդ առաջարկներից մեկը պետք է լինի այն, որ Արցախի կարգավիճակի հարցը կապ չունի կարգավորման գործընթացի հետ, և պետք է հետագայում անպայման առանձին քննարկվի։ Սա կլինի ինչ-որ միջանկյալ տարբերակ, որը դեմքը փրկելու հնարավորություն կտա և՛ արդբեջանական, և՛ հայաստանյան իշխանություններին, եթե, իհարկե, նպատակն իսկապես հարաբերությունների կարգավորումն է։
Իսկ եթե Ադրբեջանին իրականում խաղաղություն պետք չէ, ապա հայկական կողմի ցանկացած զիջման դեպքում նա նորանոր պահանջներ է ներկայացնելու։ Այդ դեպքում ինչ-որ պահի մենք, բնականաբար, կարող ենք գործընթացը մերժել, ինչն Ադրբեջանի համար ավելի ձեռնտու կլինի, այսինքն՝ նրանք համարեն, որ, ամեն դեպքում, մերժողը և ոչ կառուցողականը հայկական կողմն է, և ընդհուպ ռազմական ճնշումներով փորձել ստանալ ավելին», - ասաց Արմեն Բաղդասարյանը։