21/03/2022 20:10
ՀՀ իշխանությունները թուրքական նախապայմաններն ու նպատակները շատ մեղմ և լուսավոր են ներկայացնում. Ռուբեն Մելքոնյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում ՀՀ իշխանությունները շարունակում են անկեղծ չլինել հանրության հետ, որովհետև թուրքական նախապայմաններն ու նպատակները շատ մեղմ և լուսավոր են ներկայացվում։ Արդյունքում հանրության ոչ մասնագիտական շրջանակներն ընկնում են մոլորության մեջ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ սա հասարակության հետ իշխանությունների շփման ոչ անկեղծ և ոչ ազնիվ դրսևորումներից մեկն է։
«Անցնող 30 տարվա ընթացքում Թուրքիայի հետ բանակցել և փորձել են հարաբերություններ կարգավորել քաղաքական և դիվանագիտական մեծ փորձառութուն ունեցող տարբեր գործիչներ՝ և՛ ՀՀ 3 նախագահները, և՛ տարբեր տարիների արտգործնախարարները, այլ դիվանագետներ։ Նրանց դա չի հաջողվել, որովհետև թուրքական հայտնի նախապայմանները, որոնք շաղկապված են նաև Ադրբեջանի հետ, հնարավոր չի եղել հաղթահարել։
Պատճառն այն է, որ այդտեղ մեր պետականության կարմիր գծերն են եղել, և եթե մեր պետականության համար այդ կարմիր գծերը չենք անցնում, ուրեմն Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը չի կարող ներկայացվել որպես շատ հեշտ և պարզունակ խնդիր։
Այնպես որ, ձրի պանիրը միայն թակարդում է լինում։ Հայ-թուրքական հարաբերություններում այդպիսի պանիր կարող է լինել միայն այն պարագայում, երբ օրվա իշխանությունները համաձայնեն հատել այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ մեր պետականության և ազգի ամենակենսական շահերն են»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր հայտարարել էր՝ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ պատրաստակամություն են հայտնել գործընթացը պսակել սահմանների բացմամբ և հարաբերությունների հաստատմամբ։