21/03/2022 13:05
Այս իշխանությունն ընդունում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից թելադրվող խաղի կանոնները, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը. Վահե Հակոբյան (Տեսանյութ)
Սահմանային միջադեպեր, լարվածություն, զոհեր, վիրավորներ, պատերազմից մեկուկես տարի անց դեռ Բաքվում պահվում են գերիներ, հումանիտար աղետի վտանգ Արցախում, հոգեբանական ճնշում Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ, Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից թելադրվող նախապայմաններ ու հարկադրանքի քաղաքականություն. այս խնդիրները թվարկելով՝ իր ելույթը սկսեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Իսկ ի՞նչ է անում այսօր Հայաստանի գործող իշխանությունը մարտահրավերներին դիմակայելու ու պետական շահերը առաջ մղելու համար, ի՞նչ է անում իր ժողովրդին պաշտպանելու, նոր կատակլիզմներ թույլ չտալու համար, ի՞նչ է անում միջազգային հանրության ուշադրությունն այս ամենի վրա հրավիրելու ուղղությամբ, ցավոք, ոչինչ», - նշեց նա։
Վահե Հակոբյանի պնդմամբ՝ տպավորություն է, որ այս իշխանությունը կույր է, խուլ ու համր կատարվողի նկատմամբ ու փորձում է միայն մեկ հարց լուծել՝ օր ավելի պահել իրենց աթոռները ցանկացած գնով։
«Այս իշխանությունն ընդունում է Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից թելադրվող խաղի կանոնները, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերն ու շարունակ, իբր թե, տարբեր դրական ազդակներ ստանում», - նշեց Հակոբյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ պետք է օր առաջ լուծել Արցախի առջև ծառացած հումանիտար խնդիրները, մինչդեռ, Հայաստանի իշխանությունը դանդաղում է կամ անգործության է մատնված։
Վահե Հակոբյանը հարց հնեցրեց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովին մասնակցելու համար Փարիզ մեկնող ՀՀ արտաքին գործերի նախարարը պատահաբար հայտնվում է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գրասենյակում։
«Ո՞րն էր այդ այցի նպատակն ու ինչո՞ւ նախապես հայտարարված չէր, ի՞նչ է անում այս իշխանությունը սեփական ժողովրդի մեջքի հետևում», - նշեց նա։