21/03/2022 12:16
Հայաստանն ու Արցախը կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ. պատերազմից հետո Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում, այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Վանեցյանի համոզմամբ՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին է։
«Բաքվի կողմից իրականացվող հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել ու աջակցում է Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը ՀՀ արտաքին գործերի նախարարի այցն էր Անթալիա ու այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները», - հայտարարեց Վանեցյանը։
Նա ընդգծեց, թե այս ամենին ի պատասխան՝ Երևանը լուռ է, ավելի ճիշտ, խոսում է, շարունակում է խոսել «խաղաղության դարաշրջան» բացելու մասին։
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ զավեշտալի է Հայաստանի այսօրվա իշխանության դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետի վերաբերյալ։
«Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ պատասխանե՞լ եք այդ հինգ պահանջին, թե՞ ոչ, եթե պատասխանել եք, ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն, ո՞րն է նպատակը։ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. չգիտեն արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի նման մանդատ, չեն հասկանում արդյոք, որ այսկերպ Արցախը գործընթացից դուրս թողնելով՝ անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ ադրեջանական օրակարգն են սպասարկում», - հայտարարեց Արթուր Վանեցյանը։
Նա ասաց, թե գիտելիք ու տրամաբանություն ունեցող մարդիկ շատ լավ հասկանում են, որ մեր անվտանգային խնդիրները շատ ավելի լայն են, քան այն պատկերացնում ու ներկայացնում են օրվա իշխանությունները։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե Արցախն այսօր ունի օր առաջ լուծում պահանջող հրատապ խնդիրներ, իսկ խնդիրները շատ-շատ են։
«Արցախի համար մեն այսօր ունենք երկարաժամկետ միջազգային երաշխիքների խնդիր, մենք ունենք խնդիր՝ գիտակցելու, որ Արցախի անվտանգությունը չի սահմանափակվում միայն արցախցիների ֆիզիկական անվտանգությամբ, ինչպես այն փորձում է ներկայանցել Հայաստանի իշխող ուժը. Արցախի կարգավիճակ բառը չի լուծում Արցախի անորոշ ապագայի հետ կապված խնդիրները», - նշեց նա։