22/03/2022 12:32
Ընդդիմադիրներն առաջարկում են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը
Ազգային ժողովը քննարկում է ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ նախագիծը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սրբազան արժեք հանդիսացող հանգամանքի մասին է:
«Նախաձեռնությունը վերաբերում է նրան, որ այլևս ՀՀ տարածքային ամբողջականությունը կամ դրա մի մասը որևէ տեսակ արտահայտությամբ կասկածի տակ դնելը կամ, առավել ևս, նշվածը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը լինի քրեորեն հետապնդելի արարք», - նշեց նա:
Պատգամավորը նշեց, թե այս կարգավորումը արդիական է դարձել 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածի պայմաններում: Նրա համոզմամբ՝ այս նախագիծը լինելու է Հայաստանի տարածքից դուրս գտնվող մարդկանց իրապես հետապնդելու ու նրանց կողմից թույլ տրվող արտահայտությունները անհետևանք չթողնելու մասին:
«Մենք տեսել ենք, թե ինչպես, հատկապես 2021 թվականի ապրիլ ամսից, Հայաստանի տարածքից դուրս գտնվող «հարևան», իրականում թշնամի երկրի քաղաքական ղեկավարությունն ինչպիսի արտահայտություններ է թույլ տալիս, խոսում են Հայաստանի, Սյունիքի մասին, խոսում են մեր Երևան քաղաքի մասին, խոսում են մեր Սևանի մասին ու իրենց զառանցանքների պայմաններում փորձում են այս ամենը Հայաստանի պատկանելիության տեսանկյունից կասկածի տալ դնել: Կարծում ենք, որ սա նաև լավ հնարավորություն կլինի նման արտահայտություններ թույլ տվողներին՝ չնայած նույնիսկ այն պայմաններում, որ գտնվեն ՀՀ տարածքից դուրս, ենթարկվեն քրեական հետապնդման», - նշեց Վարդևանյանը:
Նախագիծը թույլ կտա նաև հետախուզում հայտարարել բոլոր նման արտահայտություններ թույլ տվողների նկատմամբ, իսկ թե որքանով հետախուզումն արդունք կտա, ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե համոզված է՝ 21-րդ դարում Եվրոպայի խորհրդի անդամ պետություն հանդիսացող Ադրբեջանի դեպքում չի կարող անգործությունը եվրոպական հանրույթի կողմից շարունակական լինել:
«Չի կարող ժառանգաբար իշխանություն ստանալը թույլատրելի լինի եվրոպական երկրում, չի կարող թույլատրելի լինել կնոջ համար պաշտոն ստեղծելը ու հետո կնոջը այդ պաշտոնին նշանակելը ու հենց այս հոդվածի ընդունման դեպքում քրեական հետապնդումն ու հետախուզումը մի օր իր արդյունքը կտա, որովհետև լռությունը մի օր ավարտվելու», - նշեց նա:
Օրենքի նախագիծը վերաբերելու է նաև ՀՀ քաղաքացիներին, Վարդևանյանը, սակայն, վստահ է, որ տեղեկատվական տեռորի ազդեցության տակ գտնվող մարդիկ այս ազդակը կստանան ու նման հայտարարություններ էլ թույլ չեն տա, իսկ պաշտոնատար անձինք, առավել ևս, նման բան թույլ չեն տա:
ՀՀ այսօրվա քրեական օրենսգիրքը նման արտահայտությունները քրեորեն հետապնդելի արարք չի համարում, կոչերը որոշակիորեն է համարում, բայց ոչ այն տրամաբանությամբ, որն առաջարկում են ընդդմադիր պատգամավորները:
Արամ Վարդևանյանը վստահեցրեց՝ այս նախագիծը այնպիսի նախագիծ է, որը քաղաքական կոմպոնենտ չունի. սա «սրբազան արժեքի պաշտպանությանն է ուղղված»: