22/03/2022 19:20
Սննդատեսակներ, որոնցից պետք է խուսափեն բրեկետ կրող մարդիկ
Խորհուրդներ ատամնաբույժից՝ ցանկալի նպատակին հասնելու համար
Եթե որոշել եք օրթոդոնտիկ բրեկետներ կրել, պատրաստ եղեք մի շարք փափոխությունների ձեր սննդակարգում:
Aysor.am-ը այս կարևոր թեմայի շուրջ զրուցել է ատամնաբույժ Ասքանազ Միրզոյանի հետ՝ իմանալու համար այն սննդատեսակների մասին, որոնք կարող են վնասակար լինել ձեր սարքի օգտագործմանը, և, իհարկե, հնարավորինս խուսափել դրանցից։
«Որքան ավելի զգույշ լինեք, այնքան ավելի արագ կավարտեք օրթոդոնտիկ բուժումը և ազատ կլինեք վերադառնալու այն ուտեստներին, որոնք այդքան շատ եք սիրում: Բայց երբ հնարավոր չէ դիմադրել, հարկավոր է զգույշ լինել ոչ միայն ծամելիս, այլև դրանից հետո մաքրելիս», - խորհուրդ է տալիս ատամնաբույժը։
Միրզոյանն առանձնացրեց այն հիմնական սննդատեսակները, որոնց օգտագործումը կարող է բարդություններ առաջացնել.
Կոշտ սնունդ
Կան մարդիկ, ովքեր սիրում են ավելի կոշտ սնունդ: Դրանք ծամելիս այդ բարձր ձայնն էլ ավելի հաճելի է դարձնում ուտելու ընթացքը: Բայց խնդիրն այն է, որ այդ կերակուրները կարող են բրեկետի թշնամին լինել և անջատել իրար միացնող «փակագիծը», վնասել կամ կոտրել այլ մասեր: Խուսափեք ընկույզ, շագանակ, գետնանուշ, ադիբուդի և նույնիսկ եփած եգիպտացորեն ուտելուց, եթե չեք ցանկանում հրաժեշտ տալ ձեր երազած ժպիտին:
Կպչուն սնունդ
Կպչուն սնունդը ոչ միայն առաջացնում է անհարմարության զգացում, այլև դժվարացնում բրեկետների մաքրումը: Դրանց կուտակումն ատամներում կարող է առաջացնել մանրէային տախտակ, որն առավել կբարդացնի բուժման հետագա ընթացքը: Սպասված արդյունքին հասնելու համար հրաժեշտ տվեք դոնդողին, կարամելներին և սառնաշաքարներին։
Մեծ կտորներով սնունդ
Այստեղ հիմնական խնդիրն ինքնին սննդի չափն է: Բրեկետ կրող մարդկանց խորհուրդ է տրվում ոչ թե պտուղը կծել ուղղակիորեն իր բնական վիճակում, այլ կտրատել այն ավելի փոքր կտորների: Այսկերպ դուք հեշտացնում եք ծամելը, բացի այդ` ռիսկի չեք ենթարկում վնասել օրթոդոնտիկ մետաղալարերը կամ սարքի այլ մասեր։
Ճիշտ ընտրված խոզանակը փրկօղակ է օրթոդոնտիկ ամրացումներ ունեցող մարդկանց համար: Նրանք ունեն ուղղահայաց ձևաչափ, որը հեշտացնում է բակտերիալ տախտակների և մնացորդների հեռացումը: Բրեկետի օգտագործման շրջանում մեկ այլ կարևոր գործիք է օրթոդոնտիկ խոզանակը, որը իդեալական իր վեաձև կտրվածքով, որի շնորհիվ մազերը հնարավորություն ունեն մաքրելու օրթոդոնտիկ սարքը ամբողջությամբ: Սարքի մաքրման գործընթացը կարող են արագացնել և հեշտացնել նաև բերանի խոռոչի հիգիենայի համար նախատեված թելերը։
Հետևելով այս խորհուրդներին կարճ ժամանակահատվածում կկարողանաք հասնել ցանկալի արդյունքի և պարծելալ գեղեցիկ ժպիտով։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։