22/03/2022 19:11
Եվրոպան պետք է պատրաստ լինի հացահատիկի դեֆիցիտին, պարենային ու էներգետիկ ճգնաժամերին․ Հունաստանի ԱԳ փոխնախարար
Հունաստանն ու Եվրամիությունը պետք է պատրաստ լինեն շուկայում հացահատիկի պակասին, էներգետիկ և պարենային ճգնաժամերին, հայտարարել է Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը՝ Բրյուսելում, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Վարվիցիոտիսի խոսքով՝ Եվրոպայի և նրա քաղաքացիների համար լրջագույն խնդիր է էներգակիրների գնի բարձրացումը, այնինչ Եվրոպայում դեռ միասնական արձագանք չի ձևավորվել՝ այս մարտահրավերին։
«Այդ մարտահրավերի պատասխանը պետք է Եվրոպան տա։ Ամեն երկիր չէ, որ կարող է միայնակ հաղթահարել էներգետիկ այս ճգնաժամի հետևանքները»,- ասել է Հունաստանի փոխարտգործնախարարը։
Միլտիադիս Վարվիցիոտիսը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նաև եվրոպական շուկայում հացահատիկի դեֆիցիտի։
«Մենք պետք է սկսենք պատրաստվել Ուկրաինայում ռազմական գործողությունների հետևանքներին, իսկ դա շուկայում հացահատիկի հնարավոր դեֆիցիտն է։ Դա կարող է հանգեցնել, առաջին հերթին, զգալի գնաճի, երկրորդը՝ կարող ենք դրա հետևանքները տեսնել ավելի լայն տարածաշրջանում, հատկապես Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Եվրոպան պետք է սկսի պատրաստվել պարենային ճգնաժամին»,- ընդգծել է Հունաստանի ԱԳ փոխնախարարը։