22/03/2022 13:45
Այս տեմպերով կարող եք հասնել Տրդատ Մեծին ու ասել՝ եթե քրիստոնեությունն իր ժամանակ պետական կրոն չլիներ, այսօր ուրիշ կլիներ ու թուրքերի հետ եղբայրություն կանեինք. Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ին
Ազգային ժողովը շարունակում է քննարկել պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի, Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի կողմից ներկայացված «Քրեական օրենսգրքում լրացում կատարելու» մասին ու «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու» մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծով ընդդիմադիրներն առաջարկում են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մի քանի հիշեցում արեց:
«Այս խորհրդարանում քաղաքական ընդդիմությունը հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք կապված են եղել Արցախի հետ. առաջարկեցինք Ազգային ժողովում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, մերժեցիք, առաջարկեցինք, ասացինք՝ եկեք արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչենք Արցախի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, կրկին մերժեցիք, սահմանագծման ու սահմանազատման հետ կապված մշակեցինք հայտարարության տեքստ, որին դեմ քվեարկեցիք, օկուպացված Շուշիում թուրք-ադրբեջանական հռչակագրի դեմ առաջարկեցինք, որ ԱԺ-ն հանդես գա հայտարարության տեքստով, որտեղ պահանջում էինք ընդամենը մեկ նախադասություն, որ Ազգային ժողովը հայտարարի՝ դեմ է այդ հակահայկական փաստաթղթին, սրան ևս դեմ քվեարկեցիք», - հիշեցրեց ընդդիմադիր պատգամավորը:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց՝ հիմա այս նախագծով ասում են՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անձեռնմխելի են ու որևէ մեկն իրավունք չունի դա դնել հարցականի տակ:
«Նրանք, ովքեր դա կփորձեն դնել հարցականի տակ, պետք է ենթակվեն քրեական հետապնդման, նորմալ իշխանությունը պետք է ասեր՝ այո, ճիշտ եք ասում, ավելի ենք խստացնում, կլինի ընդդիմությյունից, իշխանությունից, թե երրորդ երկրից՝ իրավունք չունի այս երկրի տարածքային ամբողջականությունը դնի հարցականի տակ: Հիմա եկել եք՝ խոսքի ազատութուն, ի՞նչ խոսքի ազատություն, ինչո՞ւ եք սա հակադրում խոսքի ազատության հետ: Պետք չի հարցը տանել ուրիշ տեղ, մոռացեք նախկիններ-ներկաներ պատմությունը, այս տեմպերով դուք 1700 տարի կարող եք հետ գնալ, հասնել Տրդատ Մեծին ու ասել՝ եթե քրիստոնեությունն իր ժամանակ պետական կրոն չլիներ, այսօր ուրիշ կլիներ ու թուրքերի հետ եղբայրություն կանեինք», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: