22/03/2022 09:57
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը իր թեկնածուական թեզում գրել է. «ՀՀ ջրային ռեսուրսները կարող են մեր երկրի եկամուտների ավելացման աղբյուր հանդիսանալ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Վահագն Խաչատուրյանը, ով 1991 թվականից քաղաքականության մեջ է, իսկ 1998-ին ազատվելով ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից երկարատև պաուզա էր վերցրել, պարզվում է` 2020 թվականին թեկնածուական թեզ է պաշտպանել, «Հանրային ռեսուրսների կառավարման բարելավման հիմնական ուղիները ՀՀ-ում» թեմայով: Նրա գիտական ղեկավարը եղել է տնտեսագիտության դոկտոր, պետգույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալ Աշոտ Մարկոսյանը: Իր գիտական թեզում Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ նախագահ Խաչատուրյանը գրել է, որ ՀՀ ջրային ռեսուրսները կարող են մեր հանրապետության եկամուտների ավելացման աղբյուր հանդիսանալ: Եվ դարակազմիկ վերլուծություն ու առաջարկ է արել.
«Եթե ընդունենք, որ Հայաստանի արտահանվող 1 լ խմելու ջուրը համաշխարհային շուկայում կարող է վաճառվել 0,37 ԱՄՆ դոլարով, ապա հեշտ է նկատել, որ 370 հազ․ 1 մլն խմ խմելու ջրի արտահանումից ստացվող դրամամուտքը (հասույթը) կկազմի 3,7 մլրդ ԱՄՆ դոլար»: Իսկ հիմա, ուշադրություն` առաջարկը. «Ջրի այդպիսի քանակությունը կարելի է վերցնել Սևանա լճից և այն հիմնականում արտահանել խողովակաշարով` մինչև Պարսից ծոց: Կարևոր է նաև նկատել, որ ջրի քանակությունը հնարավոր է այդ տարածաշրջանի երկրներ հասցնել ինքնահոս եղանակով՝ նկատի ունենալով, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով 700 մ ավելի բարձր է Պարսից ծոցի երկրներից, ինչը զգալիորեն կէժանացնի խմելու ջրի տեղափոխման ծախսերը»:
Սա 90-ականներին՝ Հայաստանը ջերմուկով պահելու կամ էլ 60-ականներին` Սևանի մակերեսը փոքրացնելու (որ ջրի գոլորշիացումը նվազի) թեզի շարունակությունն է: Միայն պարզ չէ, թե ինքնահոսով խմելու ջրի տեղափոխումն ինչպես է պատկերացրել պարոն Խաչատուրյանը: Գուցե առուներ գցելո՞ւ միջոցով»։