22/03/2022 19:58
Արցախում սպասում էին, որ թշնամին կրկին կդադարեցնի գազամատակարարումը, բայց այս անգամ արցախցին, առավել քան երբևէ, տոկուն է. Մետաքսե Հակոբյան
Արցախում սպասում էին, որ թշնամին կրկին կօգտագործի իրեն ընձեռված հնարավորությունը և կրկին կդադարեցնի գազամատակարարումը։ Այդ հնարավորությունը նրան նվեր տրվեց, երբ հայկական կողմը համաձայնեց գազատարի՝ ադրբեջանցիների կողմից վերանորոգվելուն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Նման խնդիրներ էլի էինք ունեցել, և մենք էինք վերանորոգել. ի՞նչն էր խանգարում, որ այս անգամ ևս հայկական կողմը վերանորոգեր։ Այժմ, կրկին դադարեցնելով Արցախի գազամատակարարումը, Ադրբեջանը ցույց է տալիս, որ ինքն է իրավիճակի, ողջ Արցախի տերը, որ արցախահայության ապրելու իրավունքը կախված է իր ցանկությունից։
Բայց այս անգամ արցախցին, երևույթը կրկին որակելով որպես հումանիտար աղետ, նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանն իր այս քայլով խախտում է միջազգային իրավունքի նորմերը։ Ինչո՞ւ. որովհետև 1991 թվականին արցախահայությունն ինքնորոշվել է՝ ձեռք բերելով իր հայրենիքում ապրելու իրավունք։
Եթե միջազգային հանրությունն այսօր չի դատապարտում Ադրբեջանի այս քայլը, վաղը նույն Ադրբեջանը կամ մեկ այլ ագրեսոր պետություն նույն բանն անելու է աշխարհի մեկ այլ պետության հետ, որովհետև նախադեպը չի պատժվում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորը շեշտեց, որ արցախցին, առավել քան երբևէ, տոկուն է և փայլուն գիտակցում է, որ գազամատակարարման դադարեցումը ոչ թե զուտ կենցաղային, այլ անվտանգային խնդիր է։
«Հավատացեք՝ այսօր առավոտից բոլորն Արցախում կատակով են նայում այս երևույթին՝ փորձելով մեկը մյուսին հանել ստեղծված իրավիճակից։ 90-ականներին մենք նաև մեր կամքով կարողացանք հաղթել թշնամուն։
Այսօր էլ երկու ժամ քայլել եմ Ստեփանակերտում, զրուցել մարդկանց հետ։ Ոչ ոք խուճապի չի մատնվում՝ մինչև ռուս խաղաղապահները կարողանան երկարաժամկետ լուծում տալ խնդրին։ Դա կլինի եռակողմ պայմանագրի՝ չեզոք գոտու վերաբերյալ կետի պարտադրում Ադրբեջանին, թե հայկական վերահսկողության ներքո գտնվող տարածքում նոր գազամուղի կառուցում, արդեն իշխանությունների խնդիրն է»,- ասաց մեր զրուցակիցը։
Մետաքսե Հակոբյանը տեղեկացրեց, որ այսօր նաև Արցախի կառավարությանն առաջարկել է օպերատիվ սոցիալական աջակցություն ցուցաբերել արցախցի այն ընտանիքներին, որոնք վառելափայտի, սննդի կարիք ունեն։ Գործադիրից խոստացել են օգնել։
Հիշեցնենք՝ Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել, որում նշված է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ևս ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի գազատարի թեմային՝ գրելով.
«Ակնհայտ է, որ գազատարի՝ իբր վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, այն ժամանակ էլ դադարեցնեն Արցախի գազամատակարարումը»: