22/03/2022 19:45
Իշխանությունը չունի միջոցառումների և գործողությունների ցանկ՝ ուղղված ճգնաժամերի դեպքում Արցախի բեռի թեթևացմանը կամ առկա սպառնալիքների չեզոքացմանը․ պատգամավոր
«Պետք է հասկանալ, թե ինչ են բանակցում գազատարի շուրջ, որովհետև կան բազմաթիվ վարկածներ, որ ադրբեջանական կողմը, այս ահաբեկչության միջոցով, փորձում է ճնշումներ գործադրել և դրա դիմաց ստանալ այլ զիջումներ Հայաստանից կամ Արցախից, կամ երկուսը միասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախին գազ մատակարարող միակ գազատարի աշխատանքը ադրբեջանական կողմից կրկին դիտավորյալ դադարեցնելու փաստին։
Պատգամավորը մատնանշեց նաև Ադրբեջանի նպատակները, որոնց իրականացմանը նա փորձում է հասնել՝ Արցախում խորացնելով ճգնաժամը։
«Առաջին և գլխավոր քայլն ուղղված է Արցախի դեմ՝ հասնել Արցախի հայաթափմանը։ Երկրորդ հանգամանքը կապված է Ադրբեջան-Հայաստան հարթությունում տարվող գործընթացի հետ․ Ադրբեջանը փորձում է բանեցնել ճնշումների ողջ զինանոցը՝ Հայաստանին նոր զիջումներ պարտադրելու համար։ Եվ երրորդ հանգամանքը․ Ադրբեջանը, չի բացառվում՝ Թուրքիայի հրահրմամբ, փորձում է ռուս-ուկրաինական այս ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի Դաշնության համար ուղղակի նոր խնդիրներ հարուցել»,- ասաց Աբրահամյանը։
Այս պարագայում, պատգամավորի խոսքով, շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ գործող իշխանությունը, ձեռնարկու՞մ է արդյոք՝ ընդհանրապես, կատարու՞մ է ռիսկերի հաշվարկ, մարտահրավերներն ու սպառնալիքները նվազեցնելուն կամ չեզոքացնելուն ուղղված գործողություններ։
«Ցանկացած կառավարություն ստեղծված իրավիճակում պետք է ամբողջությամբ ունենա բոլոր ռիսկերի ու սպառնալիքների վերլուծությունը, հասկանա, թե այս կամ այն իրավիճակում ինչպես պետք է գործի, որպեսզի այս ճգնաժամը, որը ստեղծվել է Արցախում և որը որոշակի դինամիկա ունի՝ այլ ձևերով դրսևորվելու, Արցախում ապրող մեր հայրենակիցների համար լինի հնարավորինս հաղթահարելի։ Ամենամեծ խնդիրն այն է, որ իշխանությունը չունի միջոցառումների և գործողությունների ցանկ, որը ենթադրում է այս կամ այն ճգնաժամի դեպքում Արցախում ապրող մեր հայրենակիցների բեռի թեթևացում կամ նրանց ուղղվող սպառնալիքների չեզոքացում»,- ընդգծեց պատգամավորը։