22/03/2022 18:19
«Արևածաղիկներ և գարնանային փնջեր» բժիշկ-գենետիկից՝ «արև» երեխաներին
«Գեղանկարներից հրաժարվում եմ առանց որևէ դժվարության, ավելին՝ մեծ սիրով»։
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-գենետիկ Գոհար Շահսուվարյանի հեղինակած գեղանկարների ցուցահանդեսը նվիրված էր Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվան։ Ավետիք Իսահակյանի գրադարանում կազմակերպված ցուցահանդեսի վաճառքի ողջ հասույթն ուղղվեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն»-ին։
«Լրացուցիչ 21-րդ քրոմոսոմը առաջացնում է Դաունի համախտանիշ. երեխաները տարբերվում են թե արտաքինով, թե վարքագծով. ջերմ են, միշտ դրական ու բարի, շատ հաճախ տաղանդավոր, արվեստի հանդեպ մեծ հակումներ ունեն, շատերը կարողանում են ստանալ բարձրագույն կրթություն»։
Բժիշկն ասում է՝ թեպետ խնդիրը գենետիկական է, բայց պարտադիր չէ, որ ծնողներից ժառանգեն։ Որոշիչ կարող են լինել մոր տարիքը, որոշ արտաքին ազդակներ։ Այնուամենայնիվ, Դաունի համախտանիշով երեխաներ կարող են ծնվել ցանկացած ընտանիքում, ցանկացած տարիքի ծնողների դեպքում։ Համախտանիշ ունեցողներն ունենում են ներքին օրգանների արատներ, որոնց մեծ մասը շտկելի է և համատեղելի կյանքի հետ։ Բժիշկն ասում է՝ իր առաքելությունը նաև ընտանիքներում, հանրության մեջ Դաունի համախտանիշ ունեցողների հանդեպ վերաբերմունք փոխելն է։
Իրազեկման և հոգեբանական աջակցությունը կարևորելով 2018թ.-ին Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հիմնեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն»-ը։ Որդին՝ Մոնթեն միակը չէր, որի մասին Տեր Գրիգորն ու կինը պիտի հոգ տանեին, դժվարությունների բախվելով ծնողները վճռեցին մեկ հարկի տակ համախմբել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին։
«Կենտրոնի դռները բաց են բոլորի համար, անվճար հիմունքներով աջակցություն ստանում են տարբեր տարիքային խմբերի մարդիկ, կենտրոնի մասնագետները ջանասիրաբար օգնում են շահառուներին առավել լավ ինտեգրվել կյանքին, սոցիալիզացվել»։
Կենտրոնի անդամներից Ռուզաննան ասում է՝ հատկապես համագործակցում են մանկատների հետ, իհարկե, չեն անտեսում նաև ընտանիքներին։ Կենտրոնն օգնեց շատուշատ ընտանիքների ազատվել բարդույթներից, չամաչելու, չմեկուսանալու, վախերից ազատվելու նպատակով հոգեբանական աջակցություն ստանում են նաև Դաունի համախտանիշ ունեցողների ծնողները։
«Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ կարիքահեն ծառայությունների մատչելիության, հասանելիության խնդիրները կարգավորելու, հանրության վերաբերմունքը փոխելու համար»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։