23/03/2022 19:30
Համավարակի ազդեցությունը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վրա. Պարզաբանում է էրգոթերապիստը
Համավարակը մեծ ազդեցություն ունեցավ ինչպես հասարակության լայն շրջանի, այնպես էլ առավել խոցելի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վրա: Նրանք սովորաբար ճկուն են և սովոր որոշակի առօրյայի, իսկ համավարակը փոխեց նրանց աշխարհը՝ շրջապատելով անորոշության քաոսով: Այս ծանր շրջանը յուրովի բացահայտեց նրանց վախերն ու ստիպեց ընտանիքներին վերանայել կյանքի և վերականգնման ռեժիմը:
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցեց էրգոթերապիստ , «Հանուն Երեխայի հոգեխոսքային և ֆիզիկական ներդաշնակ զարգացման» նախաձեռնության համահիմնադիր Մերի Ավետիսյանի հետ։
Մասնագետն անդրադարձավ հեռավար ուսուցման բացասական ազդեցությանն ու առաջացրած խնդիրներին։
«Ակնհայտ է, որ հեռավար ուսուցումը հանգեցրեց աշակերտների առաջադիմության և ուսումնական նյութի յուրացման խնդիրների, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների դեպքում տուժեց նաև սոցիալ վերականգողական ծառայություններ ստանալու գործընթացը. երեխաները զրկվեցին մասնագետների հետ առկա աշխատանքից՝ ինչը հանգեցրեց խնդիրների սրացմանը և արդեն իսկ ձեռքբերված հմտությունների ու կարողությունների վատթարացմանը», - ասաց Մերի Ավետիսյանը։
Այս փուլում կարևոր էր ժամանակակից տեխնոլոգիաների թողած ազդեցությունը, որը, մասնագետի խոսքով, նպաստավոր լինելու փոխարեն ավելի խորացրեց ստեղծված իրավիճակը։
«Ծնողների շրջանում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ եթե մինչ համավարակը օրական երխաները միջինում մինչև երկու ժամ էին անցկացնում էկրանների առջև, ապա համավարակի շրջանում երեխաներն արդեն էկրանների առջև էին 5-6 ժամ։ Արդյունքում՝ երեխաների մոտ ի հայտ եկան բազմաթիվ դժվարություններ՝ հատկապես կենտրոնացման և հաղորդակցման ոլորտում։ Օրինակ, երբ երեխան ուտում է էկրանի առաջ, ընկալման համար ունենում ենք ուտելիքից տարբեր տեսողական պատկեր, լսողական ազդակ, որը կապ չունի ուտելու պրոցեսի հետ. երեխան այդ պահին շոշափում է սպասքը և այդ ընթացքում մայրիկի միջամտությամբ բերանում է հայտնվում սնունդը, ինչը, փաստորեն, բացարձակ կապ չուներ մյուս զգայարաններից ստացած ինֆորմացիայի հետ: Արդյունքում ունենում ենք խեղաթյուրված ընկալման պատկեր, որը չի կարող բացասաբար չանդրադառնալ երեխայի նորմալ զարգացման վրա: Այս մասով ցանկանում եմ նշել, որ բազմաթիվ խնդիրներ ի հայտ եկան հենց նախադպրոցահասակ երեխաների շրջանում», - նշեց նա։
Մերի Ավետիսյանի խոսքով, «Հանուն Երեխայի հոգեխոսքային և ֆիզիկական ներդաշնակ զարգացման» նախաձեռնությունը իրականացրել է հետազոտություն COVID-19 համավարակը և երեխաների հոգեխոսքային զարգացման առանձնահատկությունները ՀՀ-ում թեմայով, որի արդյունքում պարզ դարձավ, որ թիրախում են հիմնականում մինչև 3 տարեկան երեխաները, քանի որ երեխայի հոգեխոսքային ներդաշնակ զարգացման համար անհրաժեշտ է այլ անձանց հետ շփում և հաղորդակցում։
«Այս տարիքում անչափ կարևոր է, որ երեխան լսի ուրիշին և տեսնի խոսողի դիմախաղն ու շուրթերի շարժը, ինչը խոչընդոտվեց տեխնալոգիաների կիրառման և դիմակների առկայությամբ։ Մասնագիտական հանրույթի՝ լոգոպեդների, հատուկ հոգեբանների, էրգոթերապիստների և այլ մասնագետների հետ աշխատանքների արդյունքում արձանագրվեց, որ եթե մինչև 2020 թվականի փետրվար ամիսը մասնագիտական ծառայության համար դիմում էին ավելի հաճախ անխոսություն ունեցող 3-4 տարեկան երեխաներ, ապա այժմ՝ 2021 թ․ապրիլից ավելի հաճախ դիմում են մինչև 2 տարեկան երեխաներ», - ասաց նա։
Շատ կարևոր է, որ մասնագետները իրազեկման աշխատանքներ իրականացնեն՝ օգնելով ծնողներին ճանաչել հոգեխոսքային խնդիրների բացահայտման սահմանային վիճակները, որոնք թույլ կտան հնարավորինս արդյունավետ դարձնել երեխաների հետ իրականացվող աշխատանքները։
Մասնագետը կիսվեց մի քանի խորհուրդներով, որոնք կօգնեն ծնողներին և շրջապատող մարդկանց`երեխաներին հասարակության լիարժեք անդամ դարձնելու համար.
Կարևոր է, որ ծնողը ընդունի երեխային այնպիսին ինչպիսին, որ կա, չմեկուսացնի և չսահմանափակի երեխայի շփումը այլ անձանց հետ։
Հոգ տարեք ձեր երեխայի մասին, սակայն դա մի վերածեք գերխնամքի, որպեսզի երեխան հնարավորինս ինքնուրույն դառնա։
Շրջապատը պետք է սովորի ոչ թե կարեկցել, այլ շփվել տարբեր խնդիրներ ունեցող երեխաների հետ։
Երեխաները կարող են իրենց յուրացրածը արտահայտել զանազան ձևերով։ Դա կարող է լինել գրելու, խոսելու, խաղի, թատերական ներկայացման, արվեստի կամ ցուցադրման այլ եղանակներով։ Իրենց գիտելիքները ցույց տալու համար բազմազան ձևերը մեծացնում են երեխաների հմտությունները և կարողություններն արտահայտելու հնարավորությունը, և սա մեր հասարակության համար կարևոր նախապայման պետք է լինի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։