23/03/2022 16:04
Եղունգների ամենատարածված խնդիրներն ու բուժումը. խորհուրդներ՝ պոդոլոգ Կարինե Մուրադյանից
Ոչ առողջ եղունգները հետևանք են օրգանիզմում վիտամինների և միներալների պակասի, ոչ ճիշտ սննդակարգի, Aysor.am-ի հետ զրույցում ասում է պոդոլոգ Կարինե Մուրադյանը։ Փխրուն, շերտազատման հակված, դեղին, կանաչ, սպիտակ, մոխրագույն, շագանակագույն երանգներն անառողջ եղունգների հիմնական ախտանշաններն են։ Եղունգի շուրջ այտուցված մաշկը, կարմիր երանգը ևս հուշում են եղունգի հիվանդությունների մասին։
- Կոտրտված, ճաքճքված եղունգները հիմնականում վկայում են օրգանիզմում կալցիումի և ցինկի պակասի մասին
- Չափից շատ փափուկ-փխրուն եղունգները կարող են պայմանավորված լինել երկաթի, մագնեզիումի, B խմբի վիտամինների պակասով
- Եղունգի սպիտակ կետիկները ահազանգում են օրգանիզմում կալցիումի պակասի մասին, երկայնական ակոսները՝ երկաթի, A և D վիտամինների պակասի
- Կապտավուն երանգի եղունգները կարող են հուշել օրգանիզմը թթվածնի պակասի, թոքերի խնդիրների մասին
- Գունազրկված եղունգները կարող են պայմանավորված լինել անեմիայով (սակավարյունություն)
- Դեղին երանգի եղունգների հիմնական պատճառը սնկային ախտահարումներն են
Եղունգների ամենատարածված հիվանդություններից է օնիխոլիզիսը (փափուկ հյուսվածքի անջատումը եղունգից), օնիխոլիզիսի դեպքում եղունգի և մաշկի միջև առաջանում է տարածություն, մաշկը փոխում է գույնը՝ դառնալով բաց կապույտից մինչև սպիտակ, երբեմն էլ դեղին կամ շագանակագույն։ Օնիխոլիզիս առաջանում է մեխանիկական վնասվածքների հետևանքով, մասնագետն ասում է՝ բուժումը տևում է 8 ամսից մինչև մեկ տարի՝ պարտադիր խնամքով։
Ոտքի եղունգների ամենատարածված հիվանդություններից է օնիխոմիկոզը։ Եղունգների սնկային հիվանդությունը դրսևորվում է եղունգի գույնի և ձևի փոփոխությամբ, ժամանակին չբուժելու դեպքում կոշտացած եղունգն ի վերջո կարող է քայքայվել։ Բուժումը կարող է տևել մինչև մեկուկես տարի։
Սնկային ինֆեկցիաներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս անպայման հետևել հիգիենայի կանոններին։ Վարակների հիմնական մեղավորը լողավազաններն են. պոդոլոգը հորդորում է՝ ոտքերը լողավազանից հետո անպայման լվանալ, մանրակրկիտ չորացնել, չհագնել ուրիշի կոշիկը, օգտվել միայն սեփական սրբիչից, եղունգի խնամքի միջոցներից։ Լողավազաններ, շոգեբաղնիք այցելելիս հագնել միայն ռետինե հողաթափեր։
Առողջ եղունգն ունի վարդագույն երանգ, միջին հաստություն, թեթև փայլ։ Շատերն առողջ եղունգը ծածկում են գել-լաքով։ Վերջինս չորացնող լամպերն էլ հաճախ պատճառ են դառնում եղունգի այրվածքի։ Եղունգները հարդարելիս հատկապես ավտոմատ մաքրման դեպքում եղունգը բարակում է, ավելի խոցելի դառնում։
Եղունգները շատ արագ կլանում են թե վնասակար, թե օգտակար նյութեր. մասնագետը հորդորում է խուսափել քիմիական նյութերից, որ «եղունգների միջոցով» կարող են առողջությանը զգալի վնասներ հասցնել, ինչպես նաև մաքրող միջոցներին առնչվել միայն պաշտպանիչ ձեռնոցներով, չմոռանալ պարբերաբար խոնավացնել ձեռքի մաշկն ու սնուցել եղունգները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։