23/03/2022 20:00
Կրկես՝ առանց կենդանիների. Կաշխատի՞ օրենքը Հայաստանում
ՀՀ ազգային ժողովի՝ մարտի 22-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանի կրկեսներում վայրի կենդանատեսակների օգտագործումը կարգելվի։
Մինչ մեր երկիրը նոր-նոր է օրենքի ուժով ամրագրում այս արգելքը՝ աշխարհի մի շարք կրկեսներ, ինչպես օրինակ, կանադական «Cirque du Soleil»-ը («Արևի կրկես»՝ խմբ), ի սկզբանե որդեգրել է «կրկես՝ առանց կենդանիների» գործելաոճը։
Կարծիքներն այստեղ կիսվում են. շատերը կենդանավարժությունը համարում են արվեստ, մյուսները՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում։
Նորամուծության մասին Aysor.am-ը զրուցել է կենդանաբան Սիլվա Ադամյանի հետ։
Վերջինս ողջունում է ԱԺ-ի նոր որոշումը, սակայն համոզված է, որ օրենքը շրջանցողներ, այնուամենայնիվ, կգտնվեն։
«Մի խումբ մարդկանցով այս նախագծի վրա աշխատում էինք վերջին 4-5 տարվա ընթացքում։ Անընդհատ փորձում էինք, որ կրկեսում վայրի կենդանատեսակների ցուցադրության նախագիծը մուտք գործի ԱԺ, համապատասխան որոշում ընդունվի։ Փաստորեն, այսքան տարիների մեր պայքարն արդյունք տվեց։
Ես, իհարկե, դրա համար ուրախ եմ, բայց երբ առաջին անգամ նախագիծը ներկայացվեց, և լսումներ կազմակերպվեցին, այդ ընթացքում սոցիալական ցանցում կրկեսային ներկայացումների հետ կապված հայտարարություններ տեսա, որտեղ գրված էր, որ ելույթ են ունենալու նաև կենդանիներ։
Երբ զանգահարեցի և հարցրեցի՝ հատկապես ինչ կենդանիներ են լինելու, ասացին՝ «Տարբեր»։ Այսինքն՝ համապատասխան օրենքի ընդունման ընթացքում կրկսային ներկայացումներում կենդանիներ էին ցուցադրվում։ Հաստատապես ոչինչ չեմ կարող ասել, բայց որ որոշ մարդիկ այժմ ևս փորձելու են օրենքը շրջանցել, հաստատ է։
Ամեն դեպքում, հույսով լինենք, որ օրենքի ընդունումից հետո մենք զերծ կմնանք նման արատավոր պրակտիկայից»,- նշեց կենդանաբանը՝ միաժամանակ ըդգծելով, որ կրկեսներում վայրի կենդանիների ցուցադրության արգելքը խստորեն պետք է վերահսկվի տեսչական մարմինների կողմից։
Հ.Գ. Կենդանավարժությունը հայտնի է հնագույն ժամանակներից. այս պրակտիկան կիրառել են դեռևս Հին Եգիպտոսում և Հին Հռոմում։
Այժմ աշխարհի ավելի քան 50 պետություն լրիվ կամ մասնակի արգելում է ժամանցային և զվարճանքի վայրերում կենդանիների օգտագործումը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։