23/03/2022 18:48
Ռուսաստանի հետ քննարկվում է գազի դիմաց ռուբլիով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր հիշեցրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը, որը հայտարարել էր, թե Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային պարենային համակարգի փլուզմանը. պետք է կանխել սովի փոթորիկը:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ Սևանից ջրառի հարց քննարկվելո՞ւ է, թե՞ ոչ, արդյոք որոշ պարենային ապրանքների արտահանման քվոտավորում չպետք է նախատեսել, տեղական արտադրության հետ կապված լրացուցիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, թե թվարկված բոլոր գործողությունները ընդգծված պետք է իրականացնել ու, այո, պատրաստվել մարտահրավերներին:
«Մենք ԵԱՏՄ խորհրդի նիստ ենք ունեցել ու բավականին երկար քննարկվել է այս հարցը, որովհետև միայն լոկալ արտադրությամբ բոլոր խնդիրները հնարավոր չի լինի լուծել օբյեկտիվ ու ֆիզիկապես հնարավոր չէ, մենք որքան էլ մտածենք, ինչքան էլ պահուստների կոնֆիգուրացիա փոխենք, այնուամենայնիվ, ապրանքների շարժ առնվազն ԵԱՏՄ տարածքում պետք է տեղի ունենա, որպեսզի լիարժեք խնդիրները լուծվեն ու դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կա հստակ պայմանավորվածություն, որ մինչև մարտի 25-ը հանձնաժողովը պետք է փոխադարձ բալանսների հաշվարկ իրականացնի ու սահմանի այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար», - հայտարարեց ՀՀ փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր խթանները պետք է աշխատեցնել, որպեսզի լոկալ արտադրությունը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի մասով խթանվի, դա դոգմա է, որովհետև տարածաշարջանում ակնհայտ է, որ պակասուրդ է լինելու:
«Ոչ թե արտադրության պակասուրդի հետևանքով, այլ՝ լոգիստիկ ու տրանսպորտային խնդիրների, բայց ես կարծում եմ, որ խնդիրը կառավարելի ու լուծելի է ու այս պահի դրությամբ կարող եմ վստահ ասել, որ ԵԱՏՄ երկրները շատ կոնսոլիդացված են այդ հարցը քննարկում», - նշեց Մհեր Գրիգորյանը:
Սերգեյ Բագատյանը ևս մեկ հարց ուղղեց ՀՀ փոխվարչապետին՝ հնարավորություն կա՞ քննարկելու Ռուսաստանի հետ գազի վճարման հետ կապված ռուբլիով վճարման որոշակի ժամկետային ռեժիմ:
«Այո, քննարկվում է, որովհետև նաև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները ու, բնականաբար, երկրները առաջարկություններ են ներկայացնում, որ լուծվեն ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանող գործիքների հարցը: Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պայմաններ, բայց այսօր այդ հարցը քննարկվում է նաև հանրային տիրույթում ու ինչ-որ պահի կդառնա օրակարգային», - հայտարարեց ՀՀ փոխվարչապետը: