23/03/2022 17:22
ԵԱՏՄ անդամ երկրների շարքում մենք ամենաքիչ գնաճն ունեցող երկրներից ենք․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Հայաստանի Հանրապետությունը աշխարհից կտրված չէ, մենք չենք գտնվում քարանձավում և մի շարք թելերով փոխկապակցված ենք համաշխարհային մի շարք զարգացումների հետ, խորհրդարանում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Հայաստանում արձանագրված գնաճի պատճառ համարելով համաշխարհային զարգացումները։
Գնաճային ճնշումները, նրա խոսքով, պայմանավորված չեն միայն Հայաստանի ներքին իրադարձություններով։
«Մի շարք, այդ թվում՝ խիստ բարեկեցիկ երկրներ, սկսած ԱՄՆ-ից, ապրում են այդ գնաճային ճնշումները», - նշեց Մկրտչյանն ու ավելացրեց, որ Հայաստանը, այլ երկրների համեմատ, ավելի լավ վիճակում է։
«ԵԱՏՄ անդամ երկրների շարքում մենք ամենաքիչ գնաճն ունեցող երկրներից ենք», - հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Կառավարությունը, նրա խոսքով, մտածում է սոցիալական վճարների՝ կենսաթոշակների, աշխատավարձի բարձրացման մասին, բայց «յուրաքանչյուր նոր քաղաքականություն, որը կբերի սոցիալական վճարների բարձրացման, պետք է բխի երկրի ֆինանսատնտեսական և մակրոտնտեսական ցուցանիշներից»։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գնաճը ճնշելու ուղիղ գործիքակազմ չունի», - ասաց նախարարը՝ հավելելով, որ այսպիսի նոր քաղաքականության համար քննարկումներ են պետք ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների հետ։
Քննարկումներ, նրա հավաստիացմամբ, կան։