23/03/2022 17:43
Հայաստանն ու Թուրքիան կարող են և արժի, որ կարգավորեն հարաբերությունները. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Մեր որոշումը՝ արտաքին գործերի նախարարի մակարդակով մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին, ճիշտ որոշում էր, մենք վստահ ենք, որ Հայաստանը և Թուրքիան կարող են, արժե և պետք է, որ նորմալացնեն, կարգավորեն հարաբերությունները, այսինքն՝ հարաբերություններ հաստատեն և բացեն սահմանները, խորհրդարանում հարցուպատաստանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա պնդեց, որ իր և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն է ունեցել ընդհանուր գործընթացի վրա։
«Անշուշտ, կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, բայց ինչպես մենք, այնպես էլ թուրքական կողմը ևս մեկ անգամ վերահաստատեցինք, որ շարունակում ենք երկխոսությունը, շարունակվում է գործընթացը՝ առանց նախապայմանների, նպատակ ունենալով իսկապես բացել սահմանները», - ասաց Միրզոյանը։
Գործընթացի նպատակն ու վերջնարդյունքը, նրա խոսքով, հենց սահմանի բացումն է՝ չնայած այս հարցում կողմերի միջև «տակտիկական կամ տեմպի որոշակի տարբերություններին»։
«Բայց առնվազն վերբալ մակարդակով երկու կողմերս էլ վերահաստատում ենք, որ նպատակը, վերջնարդյունքը հենց սահմանների բացումն է», - նշեց նա։
Արարատ Միրզոյանը պատասխանեց նաև Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպման նրբերանգների վերաբերյալ հարցին՝ ինչո՞ւ էր, օրինակ, Չավուշօղլուն իր հետ հանդիպմանն առանց փողկապի, իսկ ինքը՝ փողկապով և ինչո՞ւ էր ինքը լայն ժպտում, երբ ջերմորեն սեղմում էր Չավուշօղլուի ձեռքը։
«Ընդհանրապես, այդ ֆորումում առանց փողկապների ֆորմատ էր հայտարարված, և տարբեր լուսանկարներից կարող եք տեսնել, որ նախարարների մի մասը կրում էր փողկապ, մի մասը չէր կրում, և նույն նախարարները հաջորդ օրը կարող էին հակառակ կերպով վարվել», - ասաց Միրզոյանը։
Իր ժպիտը նա մեկնաբանեց նույն կերպ, ինչպես մեկնաբանել էր օրերս՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման ժամանակ։
«Ողջ հարգանքով մեր բոլոր զոհերի և նրանց ընտանիքների անդամների զգացմունքների նկատմամբ․ եթե ես իմանամ, որ իմ ժպիտը կարող է վաղը, մուս օրը, ապագայում գեթ մեկ հայ զինվորի կյանք փրկել, ապա ես էլի կժպտամ, էլի ու էլի կժպտամ», - ասաց Միրզոյանը։