23/03/2022 11:15
Մեր մանկամիտների հռչակած «խաղաղության դարաշրջանը», առանց սկսելու, ավարտված է. Կամո Աթայան
Դժվարին ժամանակներ է ապրում աշխարհասփյուռ մեր ժողովուրդը՝ հայրենիքում մութ ամպեր են կուտակվում զույգ հայկակական պետականությունների գլխավերևում. սկսված մեծ սլավոնական պատերազմում երկու բնիկ ժողովուրդների հետ միասին տուժում են նաև այդ երկրների մեծաքանակ հայ քաղաքացիներ, իսկ ընդհանուր վերցրած վերջին երկու քովիդյան տարիներին մեծապես տուժող ազգերի շարքում ենք, և այդ ընթացքում թուրքադրբեջանական հրոսակների սանձազերծած պատերազմը ողբերգական հետևանքներ ունեցավ մեզ համար...
Աշխարհը բարդ ընտրության առաջ է կանգնել ու եթե լուծում չգտնվի բանակցությունների սեղանի շուրջ, ապա կարելի է սկսված համարել երրորդ համաշխարհայինը, որը կարող է նաև վերացնել քաղաքակրթությունը …
Այո, աշխարհում մեր աչքի առաջ, բայց առանց մեր մասնակցության գծագրվում է մոլորակի վաղվա քաղաքական ճարտարապետությունը, իսկ հինը, որը երկրորդ համաշխարհայինից հետո, լավ թե վատ, համենայն դեպս, կառավարում էր աշխարհը, արդեն պատմություն է դառնում.
Հաճախ ընդունված է խոսել, այսպես կոչված, բազմաբևեռ աշխարհի մասին, բայց աշխարհը իրականում մագնիսի նման երկու բևեռ ունի և չեզոք գոտի, որի մեջ «տեղավորվում է» մոլորակի վրա առկա բոլոր քաղաքական, ազգային բազմազանությունները, և իրականում վերջին տասնամյակներին այդպես էլ եղել է, միայն ԽՍՀՄ փլուզումից հետո բեևեռներից մեկը պարզապես թուլացել էր...
Խելամտությունը կարծես կհաղթանակի, բանակցություններով գոյություն ունեցող հարցերը կլուծվեն, երրորդ համաշխարհայինը չի սկսվի ու առավել ևս զանգվածային որնչացման զենքերը չեն օգտագործվի, կձևավորվեն մոլորակի քաղաքական զույգ բևեռները, որոնց ծայրակետերում կտեղավորվեն աշխարհի ուժեղ պետությունները և նրանց արբանյակները, բայց թե որտեղ կգտնվի և առհասարակ նոր աշխարհակարգում ինչ տեղ կունենա Հայաստանը՝ ի դեմս ՀՀ-ի և Արցախի դժվար է ասել, քանզի մենք այնքան վախվորված ու թուլացած ենք, որ մեր գոյության մասին տողատակով միայն ուրիշներն են ակնարկում...
Մի բան հստակ է, որ մեր մանկամիտների հռչակած «խաղաղության դարաշրջանը», առանց սկսելու, ավարտված է: Դրա մասին է խոսում թեկուզ այն փաստը, որ դարավոր ու նենգ թշնամին նույնիսկ հաստատված արտակարգ եղանակային բարդ իրավիճակում Արցախի ժողովրդին մոտ 10 օր նենգաբար վառելիքից զրկելուց հետո հիմա էլ փական է դրել միակ գազատարի վրա ու որպես ժողովրդի վրա ճնշման գործիք իր վայրենի կենսակերպով այն ըստ նպատակի օգտագործելու է...