23/03/2022 14:33
Ադրբեջանն արցախահայությանը ստիպում է վարժվել մտքին, որ ամեն ինչ Բաքվի կամքից է կախված՝ վերջինիս քմահաճույքով կապրեն կամ կմեռնեն. Արցախի նախկին արտգործնախարար
Aysor.am-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
- Պարոն Մելիքյան, գազամատակարարումն Արցախում կրկին դադարեցված է, և գազատարի՝ իբրև վերանորոգման անվան տակ ադրբեջանական իշխանությունները փական են տեղադրել, որ երբ ցանկանան, դադարեցնեն Արցախի գազամատակարարումը։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։
- Ստեղծված իրավիճակը Հայաստանի ու Արցախի հանրապետությունների հին ու նոր իշխանական վերնախավերի ռազմական և իրավաքաղաքական ֆիասկոյին հետևած կապիտուլյացիայի ուղղակի հետևանք է ու շարունակությունը: Ըստ էության, պաշտոնական Երևանի ու Ստեփանակերտի համար հասանելի չէ այս կարգի խնդիրերի ինքնուրույն լուծումը: Գազատարի վնասված հատվածը, գտնվելով ռուս խաղաղապահերի պատասխանատվության գոտում, հասանելի է ադրբեջանական զինուժի համար և փակ է հայկական կողմի համար: Եթե ռուսները ցանկանան, ապա այս կարգի խնդիրներ չեն առաջանա:
- Ըստ Ձեզ՝ ի՞նչ են այս քայլով ուզում ապացուցել ադրբեջանական իշխանությունները։
- Նրանք ապացուցելու բան չունեն. հետևողականորեն իրենց կամքն են պարտադրում ՀՀ իշխանություններին ու արցախահայությանը: Պաշտոնական Երևանին այս կերպ մղում են անհամարժեք զիջումների, արցախահայությանն էլ ստիպում են վարժվել այն մտքին, որ ամեն ինչ Բաքվի կամքից է կախված՝ վերջինիս քմահաճույքով կապրեն կամ կմեռնեն: Հակառակորդի այս պահվածքին համարժեք հակազդեցությունը մեր պաշտոնատարներն առայժմ ունակ չեն գործադրել: Այդպիսի արդյունվետ հակազդեցություն իրականացելու համար ոչ ստանդարտ բազմաբնույթ գործողություներ են հարկավոր:
- Պարոն Մելիքյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ստեղծված իրավիճակում պատշաճ չեն արձագանքում ՀՀ իշխանությունները։ Խնդիրն առավելապես բարձրաձայնվում է Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երի կողմից, այն դեպքում, երբ կառավարության նախորդ նիստում Նիկոլ Փաշինյանը խուսափել էր ուղիղ անդրադառնալ արցախահայությանը բնական գազից զրկելու Ադրբեջանի քայլին։
- Չեմ կարող վարչապետ Փաշինյանի փոխարեն պատասխանել այդ հարցին: Կարող եմ միայն ենթադրել, որ ասելիք չունեն, քանի որ հարցի լուծում էլ չունեն: Ամեն դեպքում, եթե մեր իշխանավորները վճռական գործողություններ չնախաձեռնեն, ապա այս պատմությունն իր շարունակությունն է ունենալու մեզ համար շատ տհաճ հետևանքներով: