23/03/2022 17:16
Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության, չկա, բայց դրանք ամբողջովին չեն հասցեագրում պոտենցիալ բանակցությունների ողջ օրակարգը. նախարար (Տեսանյութ)
Ադրբեջանի առաջարկներում Հայաստանի համար անընդունելի ոչինչ, ըստ էության, չկա, Ազգաին ժողովում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այլ բան, որ այդ առաջարկներն ամբողջովին չէին հասցեագրում պոտենցիալ հնարավոր բանակցությունների ողջ օրակարգը ու համապարփակ խաղաղության համար մենք օրակարգը համալրել ենք մեր առաջարկներով, փոխանցել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը: Համանախագահությունից ինձ տեղեկացրել են, որ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին, Բաքվից առայժմ պատասխան չունենք», - ասաց Միրզոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի առաջարկները գրեթե հարյուր տոկոսով բացահայտված են իր՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում. չկա մի բան, որը բացակայում է հարցազրույցից:
ԱԳ նախարարն ընդգծեց՝ առաջարկների մեխն այն է, որ Հայաստանի համար շարունակում է սկզբունքային մնալ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, նաև կարգավիճակի հարցը:
Արարատ Միրզոյանն ասաց, թե Ուկրաինայում ռազմական գործողությունները կտրուկ բարդացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները:
«Բայց, ելնելով որոշակի ազդակներից, որ ես եմ ստացել և համանախագահ երկրներից, և այլ երկրներից, ուզում եմ վերահաստատել, որ միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ու սա բավականին հուսադրող է: Մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, որ կարողանանք Մինսկի խմբի համանախագահության առաջ նոր քննարկում կազմակերպել, այդ թվում, վերջին երկու՝ ադրբեջանական ու հայկական առաջարկներով», - հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը: