23/03/2022 16:58
Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ ՀՀ-ն գործի է դրել բոլոր ջանքերը. տեղանքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում. Միրզոյան (Տեսանյութ)
Հայաստանը գործի է դրել բոլոր ջանքերը, դիվանագիտական հնարավոր բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Առաջին հերթին, մենք պարբերական կապի մեջ ենք ռուս գործընկերների հետ, որովհետև վթարը, այս դեպքում, պարզ չէ՝ ինչպես դա անվանել, վթար չէ, ամեն դեպքում, վնասված կամ փակված տեղանքը գտնվում է խաղաղապահների պատասխանատվության գոտում ու առաջնային մեր կապը ռուսաստանյան գործընկերների հետ է», - ասաց նա:
ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը կապի մեջ է այս հարցով նաև քաղաքակիրթ աշխարհի հետ. ՀՀ ԱԳՆ-ն նոտա է հղել միջազգաին գործընկերներին, արձագանքներն արդեն ստացվում են:
Միրզոյանը նշեց, թե նախորդ գազամատակարարման դադարեցման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ԱՄՆ պետաքարտուղարի, ՌԴ նախագահի, Ֆրանսիայի նախագահի հետ:
«Արձագանքներ արդեն տեսնում ենք, ցավոք սրտի, տեղում կոնկրետ դեռ հարցը լուծված չէ», - հավելեց ՀՀ ԱԳ նախարարը: