23/03/2022 17:57
Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Հայաստանը մտածի հանրաքվեի մասին. Արարատ Միրզոյանը չբացառեց
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հիշեցրեց մարտի 15-ին տված հարցազրույցից որոշ հատվածներ:
«Ասել եք՝ «Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Ադրբեջանի առաջարկում նշված կետերը ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը»: Այս պահին ձեր որոշ խնդրահարույց ձևակերպումներին չեմ անդրադառնա: Տեսականորեն պատկերացնենք՝ բանակցությունները ընթացել են, միջպետական պայմանագիրը ձևակերպվել է իբրև փաստաթուղթ, ձեր տեսակետն եմ ուզում իմանալ՝ այդ փաստաթուղթը ներպետական ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի», - հետաքրքրվեց Վարդանյանը:
Արարատ Միրզոյանն էլ ասաց, թե ինքն էլ երբեմն գայթակղություններ է ունենում, բայց զսպում է իրեն չանդրադառնալ Աղվան Վարդանյանի խնդրահարույց ձևակերպումներին:
«Կարծում եմ՝ ձեր բուն հարցի հասցեատերը արդարադատության նախարարը պետք է լիներ, ենթադրել կարող եմ՝ բոլոր այն ընթացակարգերով, որոնք սահմանված են. պայմանագիրը պետք է գա Ազգային ժողով վավերացման», - արձագանքեց ՀՀ ԱԳ նախարարը:
Աղվան Վարդանյանն էլ նշեց, թե կա իրավիճակ, երբ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշան տարածք. հնարավո՞ր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Հայաստանը մտածի հանրաքվեի մասին:
«Պարոն Վարդանյան, հարցը նոր է ինձ համար, պետք է մտածել, բացառել չեմ կարող, սկզբունքային բան չկա բացառելու: Բազմաթիվ հանգամանքներից է կախված», - նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ անդրադարձավ Աղվան Վարդանյանի հարցին ու ասաց, թե հանրաքվեի հետ կապված ընթացակարգեր չկան միջազգային որևէ համաձայնագրի պայմանագրի հետ կապված: