23/03/2022 18:57
ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Արցախում է
Այսօր՝ մարտի 23-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հայաստանյան գործընկերներին՝ ԱԺ նախագահը նախ՝ անդրադարձ է կատարել 2020թ․ Աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ապա՝ խոսել ռուս- ուկրաինական պատերազմի զարգացումների, տարածաշրջանային ներկա իրավիճակի և նոր մարտահրավերների մասին։
Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանը խոսել է Արցախում գազատարի հետ կապված խնդիրների, Արցախի ճակատագրին առնչվող այլ հարցերի շուրջ։
Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է համազգային օրակարգ ունենալու անհրաժեշտությունը և շեշտել լինել միասնական՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, համախմբել ուժերը՝ ի նպաստ հայկական երկու հանրապետությունների։
Թագուհի Թովմասյանը տեղեկացրել է, որ փաստահավաք առաքելության նպատակով են այժմ Արցախում, որպեսզի տեղում ծանոթանան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Միաժամանակ ներկայացրել է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը՝ հատկապես Արցախի խնդիրների վերհանման ուղղությամբ, մատնանշել հանձնաժողովի հանրային և հրապարակային գործունեությունը։
Հանդիպումն այնուհետև շարունակվել է ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորների հետ։
Խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ այս օրերին Արցախում գտնվելու և Արցախի խնդիրներով մտահոգվելու համար։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ իր հերթին ընդգծել է հանձնաժողովի շրջանակներում իրականացվող հումանիտար խնդիրները միջազգային հարթակներում բարձրաձայնելու գործունեությունը։
Երկուստեք կարևորվել է այս բարդ իրավիճակում միասնական գործելու գաղափարը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։
Հանդիպմանը քննարկվել են անվտանգային հարցերին, աշխարհաքաղաքական նոր ազդակներին, հայկական զույգ հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանը վերաբերող հարցեր։