23/03/2022 09:39
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին քաղաքապետը դատի է տվել արդարադատության նախարարությանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի խնամի Ռուբեն Խլղաթյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ պրոբացիոն ծառայությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին քաղաքապետը պահանջել է, որ դատարանը ստիպի նախարարությանը և ծառայությանը բարենպաստ վարչական ակտ կայացնել և իրեն թույլատրել յուրաքանչյուր տարի՝ 2022 թվականի մարտի 15-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան: Պատճառը նշված չէ։
ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը որոշում է կայացրել պարտավորեցնել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը կայացնել վարչական ակտ՝ Ռուբեն Խլղաթյանին թույլատրելով յուրաքանչյուր տարի՝ 2022թ.-ի մարտի 15-ից մինչև 2025թ.-ի նոյեմբերի 30-ը, ութ ամիս ժամկետով մեկնել Ղազախստանի Հանրապետության Ակմոլինսկի մարզի Արշալինսկի շրջանի Արշալի ավան:
Հավելենք, որ որոշումն ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա չէ, և ավելին՝ ենթակա է անհապաղ կատարման»։