24/03/2022 19:37
Գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են․ Փառուխի համայնքապետ
Ռուս խաղաղապահներն այժմ բանակցում են գյուղ մտած ադրբեջանական կողմի հետ, Factor.am-ին ասել է Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ բնակավայրի համայնքապետ Վարդան Միքայելյանը։
«Չենք կարողանում մոտենալ գյուղին, որ հասկանանաք՝ ինչ է կատարվում, գյուղից 3-4 կմ հեռավորության վրա ենք։ Միայն գյուղն են գրավել, կրակոցներ չեն հնչել, բոլորը տարհանվել են»,- մանրամասնել է Միքայելյանը։
Նա ասել է, որ չգիտի՝ ադրբեջանցիները առա՞ջ են շարժվում, թե՞ ոչ։
Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք ու երեխաները ևս տարհանվել են։ Խրամորթի վարչական ղեկավար Զորիկ Աբրահամյանը Factor.am-ի հետ հեռախոսազրույցում միայն ասել է՝ «Վիճակն էն չի»։
Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտարարություն էր տարածել նաև Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում։
«Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է»,- նշված էր հաղորդագրությունում: