24/03/2022 18:10
Բոտոքս կամ պատերազմ կնճիռների դեմ․ ո՞վ է հաղթում և որո՞նք են կոսմետոլոգիական այս միջամտության օգուտներն ու վնասները
Վերջին տարիներին բավականին լայն տարածում է գտել բոտուլինոթերապիան՝ էսթետիկ թերապիայի ամենատարածված պրոցեդուրաներից մեկը։
Կոսմետոլոգիայում Բոտոքսը կիրառվում է դիմախաղի կնճիռների վերացման համար, այդպիսի կնճիռների առաջացումը պայմանավորված է դիմախաղի մկանների շարժողական ակտիվությամբ:
Սովորաբար Բոտոքսը ներարկվում է միջմկանային եղականով՝ դիմախաղի մկանների մեջ։ Դրանք ժամանակավորապես «անջատվում» են, կորում է ընկալունակությունը նյարդային իմպուլսների նկատմամբ։ Բոտոքսը հիմնականում կիրառում են միջհոնքային կնճիռները, աչքերի շուրջ կնճիռները («սագի թաթիկներ»), բերանի շուրջ կնճիռները, ճակատի հորիզոնական կնճիռները վերացնելու համար։
Էսթետիկ բժշկության այս պրոցեդուրան տարածված է և հասանելի, սակայն կանայք, դրա օգուտներից բացի, պետք է իմանան նաև ռիսկերի մասին՝ նախքան այս միջամտությանը դիմելը։
Ի՞նչ են ասում բոտոքսի ու բոտուլինոթերապիայի մասին հայտնի կոսմետոլոգները, ի՞նչ են խորհուրդ տալիս անել՝ ռիսկերը նվազեցնելու համար և ընդհանրապես՝ արժե՞ արդյոք դիմել այս մեթոդին։
Առաջին հերթին պետք է իմանալ, որ բոտոքսը բոտուլոտոքսինի հիմքի վրա ստեղծված դեղամիջոց է, իսկ բոտուլոտոքսինը օրգանական ծագման ամենաուժեղ թույնն է, այն նեյրոտոքսին է, այսինքն՝ պարալիզացնում է նյարդային բջիջներն ու այդպիսով կանգնեցնում դրանց ազդակների փոխանցումը մկաններին։ Նյարդային բջիջների պարալիզացման այս հատկությունն էլ կոսմոտոլոգիայում օգտագործվում է որպես կնճիռները հարթելու մեթոդ։
Բոտուլոտոքսինը բժշկության մեջ օգտագործվում է գերակտիվ մկանային շարժումներով բնութագրվող մի շարք հիվանդությունների բուժման համար՝ շլություն, հետկաթվածային, նաև ողնուղեղային վնասվածքին հաջորդած կարկամություն և այլն։
Կոսմետոլոգիայում՝ էսթետիկ բժշկության ոլորտում, բոտուլոտոքսինն ավելի ակտիվ սկսվել է օգտագործվել 1990-ականներից, և ավելի լայն տարածում գտել է 2000-ականներին։
Բոտոքսն այսօր կոսմետոլոգիայի ոլորտում համարվում է ամենահայտնի ու պահանջված մեթոդներից մեկը, սակայն դրա ամենամեծ թերությունն այն է, որ թեպետ այն արագ է ազդում, արդյունքը շատ շուտ երևում է, բայց այդ արդյունքն իրականում կարճաժամկետ է։ 6 ամիս անց ազդեցությունը կորում է, կնճիռները «վերադառնում» են, անհրաժեշտություն է առաջանում կրկնել միջամտությունը։ Հենց այս դեպքում կանայք պետք է ծանրութեթև անեն՝ արժե՞ արդյոք յուրաքանչյուր կես տարին մեկ օրգանական ամենաուժեղ թույնի հիմքով ստեղծված բոտոքսին դիմել ՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ ցանկացած, նույնիսկ անվնաս թվացող դեղամիջոցի հաճախակի կիրառումը անցանկալի հետևանքներով է հղի։
Մեծ ռիսկերից մեկն էլ համարվում է կոսմետոլոգի ոչ պրոֆեսիոնալ լինելը։ Առաջին հայացքից բոտոքսն ընդամենը միջմկանային ներարկում է, իրենից բարդ բան «չի ներկայացնում»։ Իրականում համապատասխան որակավորում չունեցող կոսմետոլոգը կամ պսևդո-բժիշկը այդ միջմկանային ներարկումը ճիշտ չանելու կամ դեղամիջոցի չափաբաժինը ճիշտ չընտրելու դեպքում կարող է անդառնալի վնաս պատճառել մարդու առողջությանը և արտաքին տեսքին։
Քիչ չեն դեպքերը, երբ բոտոքսի կիրառումից հետո մաշկի կախվածություն կամ պտոզ է առաջանում։ Այդ պատճառով շատ կարևոր է անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր պացիենտի, հաշվի առնել բոլոր ցուցումներն ու հակացուցումները։
Բոտոքսը հակացուցված է հղիներին ու կերակրող մայրերին, բոտոքս չեն կիրառում իմունային ու ալերգիկ ռեակցիաների դեպքում, վիրուսային հիվանդությունների առկայության կամ քրոնիկ հիվանդությունների սրման դեպքում, սուր շնչառական վարակների և հիվանդությունների ժամանակ, քաղցկեղի, հերպեսի, նաև կարճատեսության միոպիայի առկայության դեպքում։ Կան նաև այլ հակացուցումներ, ուստի կոսմետոլոգիական այս միջամտությունից առաջ անպայման անհրաժեշտ է համապատասխան ու մանրակրկիտ հետազոտության ենթարկվել։
Բոտոքի ներարկումից կարող են կողմնակի ազդեցություններ առաջանալ․ ամենատարածվածներն են պտոզը՝ մաշկի, մկանների կախվածությունը, այտուցները, ալերգիան, դեմքի «քարացած» արտահայտությունը կամ դիմախաղի կորուստը, դրա ձևախեղումը, բերանի ծռվածությունը և այլն։
Ինչ վերաբերում է բոտուլինոթերապիայի առավելություններին, ապա, ինչպես արդեն նշվեց, առաջիններից մեկն արագ ազդեցությունն է, պրոցեդուրայի՝ ոչ ցավոտ լինելը և բավականին արագ տևողությունը՝ 15-20 րոպե, հասանելիությունը՝ գնի առումով և, իհարկե, էսթետիկ էֆեկտը՝ կինն ավելի երիտասարդ է երևում։
Շատ կարևոր է նաև բոտոքսի կիրառումից հետո մի քանի կանոնների հետևելը՝ հետևանքներից խուսափելու համար։
Բոտոքսի ներարկումից հետո մի քանի ժամ հորիզոնական դիրք ընդունել՝ պառկել չի կարելի, խորհուրդ չի տրվում գլուխը կախել, ներարկմանը հաջորդող 7 օրերի ընթացքում խորհուրդ չի տրվում այցելել լողավազան, բաղնիք, ընդունել սոլյարի՝ արհեստական արևայրուք։ Մի քանի օր պետք է խուսափել նաև մարզասրահներ այցելելուց, ակտիվ մարզվելուց, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ներարկմանը հաջորդող 7 օրերի ընթացքում չի կարելի նաև ալկոհոլային խմիչքներ օգտագործել։
Իսկ այժմ՝ հատվածներ հայտնի բժիշկ-կոսմետոլոգ, խորհրդատու Վալերիա Պրոֆատիլոյի «Անտի-բյութի․ ինչի՞ մասին են լռում կոսմետոլոգները» բեսթսելլերից։ Իր գրքում մասնագետն անդրադարձել է նաև բոտոքսին և բոտուլինոթերապիային։
«․․․ Միֆ 85․ բոտոքսի ներարկումներ կարելի է անել նաև տանը
Ոչ, ոչ, և ևս մեկ անգամ՝ ոչ։ «Գեղեցկացնող» ոչ մի ներարկում չի կարելի տան պայմաններում անել, թեկուզ միայն այն պատճառով, որ հաջորդող ռեակցիան տարբեր կերպ կարող է արտահայտվել՝ ընդհուպ հանգեցնել անաֆիլակտիկ շոկի, որն ալերգիկ ռեակցիայի տարատեսակ է։ Իրեն և իր հաճախորդին հարգող ոչ մի կոսմետոլոգ նման «ընդհատակյա» պրոցեդուրաներ չի անի, ուստի, երբ նմանատիպ հայտարարություն եք կարդում, մտածեք ոչ թե գումար տնտեսելու, այլ «մասնագետի» որակավորման մասին։ Բոտոքսը բավականին բարդ միջամտություն է, որը պետք է կատարի պրոֆեսիոնալ մասնագետը՝ համապատասխան պայմաններում։ Բոտոքսն այն դեղամիջոցը չէ, որը կարելի է տեղափոխել պայուսակի մեջ։ Այն պետք է պահել սառնարանում․․․ »։
«․․․ Միֆ 88․ Բոտոքսը լիովին անվտանգ է
Այսպիսի պնդում կարող է անել միայն այն մարդը, ում ձեռնտու է վաճառել իր ծառայությունը։ Հիշեցնեմ, որ Բոտոքսը ստեղծված է շատ ուժեղ թույնի՝ բոտուլոտոքսինի հիմքով, և բժիշկները պնդում են, որ առ այսօր այս տոքսինի ազդեցությունը մինչև վերջ ուսումնասիրված չէ։
Գիտնականները մինչև հիմա ընդհանուր կարծիքի չեն եկել՝ ինչպես է բոտուլոտոքսինն ազդում մեր օրգանիզմի համակարգերի վրա և ինչպիսին են դրա հետևանքները տարբեր օրգանների վրա ․․․ »։
«․․․ Միֆ 89․ Բոտոքսը վերացնում է բոլոր կնճիռները
Այն, իհարկե, կնճիռներից մեկ ակնթարթում ազատվելու «ամենապարզ» մեթոդն է։ Արեցիր ներարկումը, և 48, նույնիսկ ավելի քիչ ժամերի ընթացքում կնճիռները, ասես կախարդական փայտիկի օգնությամբ, վերանում են։
Բայց, առաջինը՝ Բոտոքսի ներարկումը վերացնում է միայն դիմախաղի կնճիռները, իսկ տարիքային, խորը կնճիռների դեմ անզոր է։ Երկրորդը՝ Բոտոքսը գործնականում անարդյունավետ է այտերի և կզակի կնճիռների դեմ, որոնք առաջանում են ոչ թե դեմքի մկանների աշխատանքի, այլ մաշկի ծերացման պատճառով։
․․․ Անխոս, Բոտոքսն ու դրա անալոգներն արտադրողները մարմնի և դեմքի ամեն հատվածի համար «անվտանգ» չափաբաժին են սահմանել՝ արտահայտվող միավորներով, բայց, ամեն դեպքում, մեզանից յուրաքանչյուրի վրա տարբեր կերպ է ազդում անգամ նարինջը։ Մեկը կարող է միանգամից մեկ կիլոգրամ նարինջ ուտել, իսկ մյուսը՝ ալերգիայից տառապել անգամ մեկ դիլիմ ուտելուց հետո։
Հիշեք, որ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ բոտուլոտոքսինը դեմքի մկանից չի սկսի «ճանապարհորդել» դեպի մեր օրգանիզմի այլ հատվածներ։
․․․ Եթե ամեն ինչ հաջող է ընթացել, ապա մի քանի ժամ անց կզգաք Բոտոքսի արդյունքը։ Որոշ մարդկանց համար անսովոր կլինի այն, որ նրանք կդադարեն «զգալ» իրենց դեմքը կամ դրա առանձին հատվածները։ 2-3 օր անց դեմքի մկանները կթուլանան, իսկ առավելագույն արդյունքը 1-2 աբաթ անց կզգացվի։ Այս ընթացքում թույնը վերջնականապես «կհաղթի» նյարդային վերջույթները, և դուք կսկսեք հիանալ ինքներդ ձեզնով։
Բայց, ինչ էլ ասեք, օրգանիզմի համար դա սթրես է։ ․․․ Վերականգնման ամբողջ ընթացքը 3-6 ամիս է տևում։ Հենց այսքան ժամանակահատվածում էլ տեսանելի է Բոտոքսի ներարկման արդյունքը։ Իսկ 6 ամիս անց կնճիռները կվերադառնան, և շատերը կրկին կգնան «պատերազմելու» իրենց դեմքի և կնճիռների հետ։
Բոտոքսի ներարկումը ժամանակավոր արդյունք է տալիս կնճիռների դեմ պայքարում, իսկ որոշ մարդկանց համար այն ընդհանրապես անարդյունավետ է, քանի որ մարդն, օրինակ, կարող է անհատական անզգայնություն ունենալ Բոտոքսի նկատմամբ։ Իսկ ամենացավալին այն է, որ կարող են դիմախաղի կամ միմիկական նոր՝ «փոխհատուցվող» կնճիռներ առաջանալ։ Դեմքի պարալիզացված մկանների փոխարեն ակտիվորեն սկսում են աշխատել հարևան մկանները, և մանր միմիկական կնճիռների փոխարեն հնարավոր է՝ առաջանան նորերը, որոնք շատ ավելի խորը կարող են լինել ․․․»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։