24/03/2022 19:30
Հղիության որ փուլում է ցուցված ատամները բուժել. ներկայացնում է ստոմատոլոգ-օրթոպեդ Անի Երիցյանը
Որքան էլ պարզաբանում ենք, որ հղիներին թույլատրելի է ատամների և լնդերի բուժում, այնուամենայնիվ շատերն անգամ ոչ տանելի ցավերի դեպքում հրաժարվում են բժշկի դիմելուց, Aysor.am-ի հետ զրույցում ասում է ստոմատոլոգ-օրթոպեդ Անի Երիցյանը։
«Հղիներին կարելի է և պետք է բուժել ատամները, եթե կա ցավ։ Թե պտղի, թե հղիի համար ցավն ավելի վտանգավոր է, ժամանակակից անեսթետիկները անվտանգ են հղիի և երեխայի համար», - ասում է նա։
Բժշկին դիմելու լավագույն ժամանակահատվածը երկրորդ եռամսյակն է (14-24 շաբաթական), երբ արդեն ձևավորված են երեխայի օրգանհամակարգերը»։
Հղիության ժամանակ թույլատրելի են՝
Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենայի կատարում. ատամնաքարերի հեռացումը ոչ միայն ցուցված է, այլ նաև անհրաժեշտ, որովհետև հղիության ընթացքում ատամնաքարերն ավելի են սրում լնդերի բորբոքումը, դարձնում գերզգայուն, առաջացնում արյունահոսություն, այտուց։ Ատամնաքարերի հեռացումը անվտանգ է թե կնոջ, թե պտղի համար. օգտագործվում են անվնաս նյութեր։
Մասնագետը հիշեցնում է՝ ատամների սպիտակեցում հղիներին ցուցված չէ։
Ատամների բուժում անզգայնացմամբ թույլատրելի է, ռենտգեն հետազոտություն կարելի է միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Հղիության ընթացքում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որ նպաստում են կնոջ օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի կոնցենտրացիայի նվազմանը, ինչն էլ էմալը դարձնում է ավելի փխրուն և կարիեսի հակված։ Իսկ եթե հղիությունն ուղեկցվում է տոքսիկոզով, ապա վատթարանում է կնոջ ախորժակը, օրգանիզմում պակասում են սննդարար նյութերը, ինչը հանգեցնում է միկրո և մակրոէլեմենտների դեֆիցիտի (միկրո և մակրոէլեմենտները պատասխանատու են էմալի առողջության և ամրության համար)։
Ստոմատոլոգը հորդորում է հղիության ընթացքում հետևել ատամների խնամքին, պահպանել հիգիենան, և հիշեցնում՝ թեպետ հղիության 4-րդ ամսվանից սկսված թույլատրելի է բժշկի դիմել, այնուամենայնիվ, առավել ցանկալի է ատամները բուժել հղիության պլանավորումից առաջ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։