24/03/2022 12:57
Չենք պատրաստվում հեշտ հանձնվել. մեր թիրախը՝ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, դեռ մնում է ուժի մեջ. Վահան Քերոբյան
Ռուսաստանում ճգնաժամի հետևանքով Հայաստանում ավելի շատ տուժել է արտահանման ոլորտը, Aysor.am-ի հարցին ի պատասխան` ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նրա խոսքով՝ դեպի ՌԴ բոլոր արտահանողների մոտ զգացվում է արտահանումների կրճատում:
«Եթե փետրվարի օպերատիվ տվյալներով 25-27 տոկոս արտահանման աճ ունեինք, ապա մարտին արտահանումը դեպի Ռուսաստան անկում է ապրել: Մի քանի օր առաջվա տվյալներով՝ մոտ 30 տոկոս անկում է ապրել դեպի Ռուսաստան արտահանումները, ինչը շատ մտահոգիչ է», - ասաց նա:
Քերոբյանը նշեց, որ հիմա արտահանողների հետ աշխատում են, որպեսզի արագ վերակնքեն պայմանագրերն արդեն նոր գների պայմաններում, որի արդյունքում արտահանման ծավալները կսկսեն կտրուկ աճել, որովհետև այն դեֆիցիտը, որն առաջացել է ռուսական շուկայում արևմտյան բազմաթիվ ընկերությունների դուրս գալու պատճառով, թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանը կարող է իր չափաբաժինը ռուսական շուկայում մեծացնել:
«Կան շատ հնարավորություններ ու ռիսկեր, ռեյտինգային ընկերություններն ու միջազգային ֆինանսական ընկերությունները ավելի պահպանողական տեսակետին են մոտենում, այսինքն՝ իրենք համարում են, որ բոլոր ռիսկերը տեղի կունենան ու ոչ մի հնարավորություն չի իրացվի ու, ըստ դրա, ասում են, որ տնտեսական աճը կլինի ոչ թե 5.6 տոկոս, այլ՝ 1.5 կամ 1.6 տոկոս: Մենք պետք է այնպես անենք, որ բոլոր ռիսկերը քիչ իրացվեն ու բոլոր հնարավորությունները, ինչքան հնարավոր է, շատ իրացվեն: Մեր թիրախը՝ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, դեռ մնում է ուժի մեջ ու մենք չենք պատրաստվում հեշտ հանձնվել», - նշեց էկոնոմիկայի նախարարը:
Նշենք՝ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալություն համաձայն՝ Հայաստանի վրա բացասաբար են ազդելու Ռուսաստանում ճգնաժամի հետևանքները. Fitch Ratings-ը կտրուկ նվազեցրել է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը: