24/03/2022 20:25
Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն՝ ահաբեկչական արարքներով․ սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է․ Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Արցախում տեղի ունեցողը ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության իրականացում է որակել։
«Արցախի նկատմամբ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են էթնիկ զտումների քաղաքականություն՝ ահաբեկչական արարքներով: Սա էթնիկ ու կրոնական հիմքերով ցեղասպան քաղաքականություն է Արցախի 100 000-ից ավելի բնակչության նկատմամբ. կրակոցներ են արձակվում գյուղերի, մարդկանց տների վրա, գազից (ջեռուցումից ու տաք ջրից) զրկված է ողջ բնակչությունը (հիվանդանոցներ, դպրոցներ և այլն), ներխուժումով ու հոգեբանական ահաբեկումներով, ուժ կիրառելու սպառնալիքով ստիպում են մարդկանց լքել իրենց հայրենի բնակավայրերը և այլն:
Պետք է անմիջական միջազգային ուշադրության ներքո պահել այն, ինչը տեղի է ունենում Արցախում և թույլ չտալ մեկուսացում արտաքին աշխարհից: Չի կարելի անտեսել մարդու իրավունքները, մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական իշխանություններն իրենց ցեղասպան քաղաքականությունն իրականացնում են հենց Արցախի մեկուսացումով:
Այսօր խոսել եմ մի շարք միջազգային լրագրողների հետ, որպեսզի հարցը պահեն անմիջական ուշադրության կենտրոնում»,- գրել է Արման Թաթոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: