24/03/2022 19:59
Արցախի գազամատակարարումը դադարեցնելով՝ ադրեջանցիներն արհամարհում են Նիկոլ Փաշինյանին. քաղտեխնոլոգ
Թեև այսօր Նիկոլ Փաշինյանն Արցախում առկա իրավիճակը որակեց որպես հումանիար աղետ և արցախահայության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականություն, նրա հայտարարությանը գործուն քայլեր չեն հետևի։ Պատճառն այն է, որ Արցախի հարցը ոչ թե Հայաստանի իշխանությունների կամ վարչապետի հայտարարությամբ է լուծվելու, այլ ռուս-ուկրաինական լարվածությունից հետո, երբ լուրջ անդրադարձ կկատարվի այս խնդրին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալանը։
«Ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո Արցախի հարցում բազմաֆորմատ լուծման գործընթաց է տեղի ունենալու։ Քանի դեռ ուկրաինական հարցը չի լուծվել, Արցախի հարցը պարբերաբար հիշատակվելու է։ Այսօր ադրբեջանցիները փակեցին գազը, վաղը կբացեն, հետո նորից կփակեն, նորից կբացեն, և այսպես շարունակ։ Հետո էլեկտրաէներգիան կանջատեն, կմիացնեն և այլն»,- ասաց մեր զրուցակիցը։
Արմեն Բադայանի համոզմամբ՝ ՀՀ վարչապետը հավանաբար հասկացել է, որ Ադրբեջանը սադրիչ գործողություններով տապալում է խաղաղության օրակարգ ձևավորելու իր մղումները։
«Արցախի գազամատակարարումը դադարեցնելով՝ ադրբեջանցիներն արհամարհում են ՀՀ վարչապետին, և դա է, միգուցե, ստիպել ըստ իրեն՝ մի փոքր կտրուկ հայտարարություններ անել։ Բայց, կրկնում եմ, Արցախի հարցի լուծումը նրա այս կամ այն հայտարարությունից կախված չէ։
Եթե ռուսական ուժերն Ուկրաինայում հաջողության հասնեն, Արցախի հարցը լուծումն այլ գործընթաց է ենթադրելու, անհաջողության դեպքում՝ բոլորովին այլ։ Բայց այս երկու տարբերակների վրա էլ ՀՀ իշխանությունների ազդեցությունը գրեթե զրոյական է լինելու»,- նշեց քաղտեխնոոգը՝ չբացառելով, որ առաջիկայում ներքաղաքական վերադասավորումներ լինեն ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ Հայաստանում։
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին:
Նա նաև նշել էր, որ Ադրբեջանն իր առջև խնդիր է դրել՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար։