24/03/2022 10:53
Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից. Դավիթ Բաբայան
Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ, բայց Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից, aյդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:
«Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք և դիմանալու ենք՝ անկախ ամեն ինչից», - ընդգծել է Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է, մասնավորապես, բնական գազի վերականգնմանը Արցախում՝ Բաբայանը հաղորդել է, որ այդ խնդրի առնչությամբ նորություն դեռ չկա:
Ամեն դեպքում Արցախի արտգործնախարարը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանություններն են դիտավորությամբ խափանել արցախահայության գազամատակարարումը՝ այդ թվում քաղաքական նկատառումներով:
«Եթե չի թողնում վերանորոգենք արդեն ինչքան ժամանակ, հիմա էլ ուղղակի փակել է, ո՞վ է փակել, հո մե՞նք չենք փակում մեր գազը, իրե՛նք են անում», - ասել է նախարարը:
Դավիթ Բաբայանը Ադրբեջանի գործողությունները գնահատում է որպես մարդասիրական նորմերի դեմ ահաբեկչություն Արցախի բնակչության դեմ՝ ինչպես մարտի 22-ին գազամատակարարման խափանման հերթական դեպքի կապակցությամբ հայտարարել էր Արցախի արտաքին գործերի նախարարությունը:
«Սա է իրավիճակը: Դժվար է, բնականաբար, բայց դիմանում ենք», - հայտնել է արտգործնախարարը: