24/03/2022 09:59
«Հրապարակ». Վիկտոր Բիյագովը, որը հայտնի է արևմտամետ կողմնորոշմամբ, նշանակվելու է ՀՀ արտգործնախարարի տեղակալ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ՌԴ-ում ոչ պոպուլյար անձանց կարևոր պաշտոններ է բաժանում: 3 ամիս առաջ Փաշինյանին հաջողվեց մեծ դժվարությամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակել տարած-հետ բերած նախկին Պնախարար Վաղարշակ Հարությունյանին: Վերջինս ստիպված էր հարցազրույցներում բացահայտ քծնել ռուսներին, ինչը, սակայն, չբարձրացրեց նրա հեղինակությունը ՌԴ պաշտոնական շրջանակներում: Դիվանագիտական շրջանակներում այժմ մի նոր՝ ոչ պոպուլյար նշանակման մասին են խոսում: ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, որը հայտնի է արևմտամետ կողմնորոշմամբ, նշանակվելու է ՀՀ արտգործնախարարի տեղակալ և համակարգելու է ՌԴ, ԱՊՀ և ԵԱՏՄ ուղղությունները։ Հավանաբար, զբաղվելու է խաղաղության պայմանագրով: Այդ պաշտոնում նա, ըստ մեր աղբյուրների, փոխարինելու է ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանին: «Այս պահին ծրագիրը դա է», - ասում է մեր աղբյուրը:
Հիշեցնենք. Բիյագովն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանի կնոջ ազգականն է և մինչև հեղափոխությունը ղեկավարել է ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը: 2019-ին ՀԱՊԿ-ում նշանակվել է ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ, իսկ 2021 թ․ հոկտեմբերի 21-ին ընտրվել ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ: Ասում են՝ կազմակերպությունում Բիյագովին տանել չեն կարող ակնհայտ ռուսատյաց հայացքների պատճառով: 2019-ին, երբ Փաշինյանը նրան գործուղեց ՀԱՊԿ, ռուսական մամուլը գրեց, որ Հայաստանի իշխանությունն իրական ռուսաֆոբների է ուղարկում ՌԴ: Բիյագովն արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի, երկար տարիներ աշխատել է Գերմանիայում, Ռումինիայում, 2010-2014 թթ․ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության 1-ին քարտուղարն է եղել, ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության ԱՄՆ և Կանադայի բաժնի առաջին քարտուղարը»։