24/03/2022 14:37
ՀՀ իշխանությունների կողմից Արցախն անուշադրության մատնելու ցանկացած հայտարարություն բերելու է Արցախի հայաթափմանը. Ադրբեջանի ուզածն էլ դա է. քաղաքագետ
Քաղաքագետ Արթուր Ղազարյանը չի կարծում, որ Արցախում գազ չլինելուն հարմարվելու մասին Անդրանիկ Քոչարյանի հայտնած մտքերը պատահականություն են կամ անհեթեթ հայտարարություն՝ ոչ դիտավորյալ կերպով սկանդալի կենտրոնում հայտնվելու համար։
Նա հակված է կարծել, որ նշված քաղաքական գործչի միջոցով իշխանությունը հասարակությանն է հասցնում այս կամ այն հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը։
«Եթե Ադրբեջանի քմահաճույքով Արցախն առանց գազի թողնելու մասին ՀՀ իշխանությունները երկար ժամանակ ձայն չէին հանում կամ մեկնաբանություն չունեին, ապա հիմա լրիվ պրոադրբեջանական մեկնաբանությունների ականատեսն ենք լինում», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Ղազարյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ հայ մարդը, ի դեմս Անդրանիկ Քոչարյանի, չպետք է միտք արտահայտի, որ Արցախում գազ չլինելու պարագայում «պիտի ինչ-որ մի բանով տաքանանք» կամ «պետք է սովոր լինենք նաև գազատարը փակ վիճակում ապրել»։
«Անդրանիկ Քոչարյանը շարքային քաղաքացի չէ, նա ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է, իշխանական պատգամավոր, և աբսուրդի է հասնում, երբ նա նման միտք է արտահայտում։
Առանց այդ էլ դժվար կացության մեջ հայտնված և ֆիզիկական անվտանգության խնդիր ունեցող արցախահայությունը, նման հայտարարություններ լսելով, Արցախից հեռանալու ելքեր է փնտրելու։ Եվ, ցավոք սրտի, որպես նոր կեցավայր՝ Հայաստանը չի դիտելու. Հայաստանը դիտելու է ընդամենը որպես տրանզիտ՝ լքելու իր հայրենիքը։
Ի վերջո, Ադրբեջանի ուզածն ի՞նչ է. Արցախն՝ առանց արցախահայության՝ այն ավելի հեշտ զավթելու, բռնատիրելու համար», - նշեց Արթուր Ղազարյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունների կողմից Արցախն անուշադրության մատնելու ցանկացած հայտարարություն անխուսափելիորեն բերելու է Արցախի հայաթափմանը։