24/03/2022 09:53
«Փաստ». Այս տարի մենք պարենի երկնիշ գնաճ ենք ունենալու, ինչի հիմքերն արդեն կան. Տնտեսագետ
«Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ խանութներում սկսված խուճապային գնումների «բումը», կարծես, անցավ, այլևս մարդիկ ամիսների պաշար չեն հավաքում: Փոխարենը լուրջ գնաճ է արձանագրվում ամենօրյա ռեժիմով, որը սրընթաց դատարկում է մեր քաղաքացիների «գրպանները»: Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ հայ սպառողը պարենի դեֆիցիտ չի ունենալու, բայց ստիպված է լինելու շատ վճարել պարենի համար, քանի որ համաշխարհային շուկայում գները շարունակելու են բարձրանալ:
Տնտեսագետի համոզմամբ, այս տարի մենք պարենի երկնիշ գնաճ ենք ունենալու, ինչի հիմքերն արդեն կան: «Հունվար-փետրվարին 6,5 տոկոս գնաճ է արձանագրվել, իսկ պարենային ապրանքների գները 11,8 տոկոսով են աճել: Անցած տարի առկա գնաճային իրավիճակը փոխանցվել է նաև այս տարվան, ինչին գումարվեց նաև ռուս-ուկրաինական հակամարտության գործոնը, ինչը համաշխարհային շուկայում պարենի գների աճին է հանգեցնելու», - ասում է Պարսյանը՝ ընդգծելով, որ մենք մեծ կախվածություն ունենք ներկրումից, իսկ դրամի արժեզրկումն իր հերթին հանգեցնում է ներկրվող ապրանքների թանկացմանը:
Հայաստանում գրեթե միշտ, հիմա՝ առավել ևս, դրամի արժեզրկման դեպքում միանգամից գնաճ է արձանագրվում, բայց երբ դրամն արժևորվում է, գնանկում այդպես էլ չի լինում: Պարսյանը որպես առաջին պատճառ նշում է, որ ներկրողները մտահոգություն ունեն, թե դոլարի փոխարժեքը էլի կտրուկ կարող է բարձրանալ:
«Երկրորդ՝ իրենց համար ֆինանսական բարձիկներ են ստեղծում, որ նման տատանումներից զերծ պահեն իրենց: Մյուս հանգամանքը, ինչի պատճառով գնանկում չենք տեսնում, մեր շուկային բնորոշ մենաշնորհներն են, նրանց քաղաքականությունը: Ներկրող խոշոր տնտեսվարողները շուկայում գին են թելադրում, մրցակցություն չկա, որը կստիպի նրանց գին իջեցնել», - ասում է տնտեսագետը»։