24/03/2022 21:14
Ունենք տնտեսական շրջանառության մեջ ներգրավված ռեսուրսներ, բայց դրանց օգտագործման արդունավետությունը բավարար համարել չի կարելի. տնտեսագետ
Տնտեսության համար «խաղաղ հանգրվան» ասվածը, կարելի է ենթադրել, կայուն զարգացման հետագծի վրա դուրս գալն է, իսկ դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ, տեխնոլոգիաներ և ցանկություն։ Չեմ կարծում, թե Հայաստանում այդ նախադրյալներից որևէ մեկը բացակայում է, մնում է՝ խոչընդոտներն աստիճանաբար հաղթահարելու ճանապարհով կառուցենք առավել մրցակցային տնտեսություն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ անդրադառնալով գործադիրի ղեկավարի այսօրվա այն հայտարարությանը, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, սակայան «փոթորկված աշխարհի քաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը պիտի հասցնենք խաղաղ հանգրվանի»։
Տնտեսագետի համոզմամբ՝ համաշխարհային տնտեսությունն ակտիվ մրցակցային միջավայր է, և եթե Հայաստանը կարողանում է այդ միջավայրում լուրջ մարտահրավերների պայմաններում պահպանել տնտեսության կայունությունը, դա արդեն իսկ վկայում է մեր տնտեսության՝ պոտենցիալ ունենալու մասին։
Արդյոք ամբողջ թափով գործադրվո՞ւմ է այդ պոտենցիալը՝ տնտեսության կայունացման համար, հետաքրրքվեցինք մասնագետից։
«Գործադրվում է, բայց ոչ բավարար արդյունավետությամբ, այսինքն՝ մենք ունենք տնտեսական շրջանառության մեջ ներգրավված ռեսուրսներ, բայց դրանց օգտագործման արդունավետությունը բավարար համարել չի կարելի։ Ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել՝ մենք առավելագույն արդյունավետությամբ ենք օգտագործում մեր ունեցած ռեսուրսները։ Խոսքը թե՛ մարդկային, թե՛ նյութական ռեսուրսների մասին է։
Բայց պետք է հաշվի առնել, որ բոլոր այն երկրները, որոնք տնտեսական հրաշք են իրագործել կամ լուրջ հաջողութուններ են արձանագրել, Հայաստանից ավելի լավ վիճակում չեն եղել»,- ասաց Արմեն Քթոյանը։