24/03/2022 17:06
Վիտալի Բալասանյանին Արցախի նախագահի կողմից «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել. ԱԽ
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին Արցախի Հանրապետության նախագահի կողմից «ադբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորություն» վերապահող իրավական ակտ չի ընդունվել։
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Արցախից Ադրբեջանի հետ բանակցություններ կվարի Վիտալի Բալասանյանը:
«Ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին»,-նշել էին Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը, սակայն, հերքում է տեղեկատվական շտաբի հրապարակած հայտարարությունը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրել է կարգադրություն, որով Անվտանգության խորհրդի քարտուղարը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերը համակարգող»,-ասված է Արցախի ԱԽ հայտարարությունում։