24/03/2022 11:31
Ադրբեջանը խնդիր է դրել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար. նման բան տեղի ունենալ չի կարող. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանն արդեն 1.5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 44-օրյա պատերազմում, սակայն ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, թե այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունն ու խնդիր է դրված՝ ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար, կառավարության այսօրվա նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս իմասոտվ խիստ խորհրդանշական է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, որում ասվում էր, թե Արցախի գազամատակարարման հարցը Ադրբեջանի ներքին գործն է: Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք այս հայտարարությունը, կնշանակի՝ «միջազգային հանրություն, դուք այս կողմ մի նայեք ու թույլ տվեք մենք անարգել միջազգային հանրության համար աննկատ կամ էլ «հակաահաբեկչական գործողությունների» անվան ներքո ավարտին հասցնենք Արցախը էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականության միջոցով հայերից ազատելու քաղաքականությունը»: Նման բան տեղի ունենալ չի կարող ու Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, լրատվամիջոցները, ՀԿ-ները, անհատները սոցիալական ցանցերի միջոցով վերջին 15 օրվա ընթացքում Արցախում տեղի ունեցածը պետք է ամենայն մանրամասնությամբ ու լայնորեն ներկայացնեն միջազգային հանրությանը», - հայտարարեց Փաշինյանը:
Նա ասաց, թե շատերն այս ամենը արձանագրում են՝ հիշեցնելով ու քննադատելով խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իրենց որդեգրած քաղաքականությունը:
«Բայց ուզում եմ աներկբա արձանագրել, որ մեր որդեգրած այդ քաղաքականությունն այլընտրանք չունի, ընդհակառակը, իր այս գործողություններով, զանազան սադրանքներով Ադրբեջանը փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար, բայց մենք չպետք է տրվենք այդօրինակ սադրանքներին: Ասել եմ, որ խաղաղության օրակարգը կյանքի կոչելու համար մեզ անհրաժետ են ամուր նյարդեր ու մենք որևէ կերպ մեր հռչակած ռազմավարությունից չպետք է շեղվենք», - նշեց Փաշինյանը: