24/03/2022 15:59
Կենթարկվենք նոր որոշմանը և կրկեսային ներկայացումները կկազմակերպենք առանց վայրի կենդանիների. Սոս Պետրոսյան
«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանը տեղյակ է ԱԺ ընդունած նոր որոշման մասին, որի համաձայն հայաստանյան կրկեսներում այսուհետև վայրի կենդանիների ցուցադրության արգելք կգործի։
«Իսկ ինչո՞ւ ոչ», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրկեսային գործիչը՝ միաժամանակ հիշեցնելով, որ աշխարհի մի շարք կրկեսներ վաղուց այդ սկզբունքով են աշխատում։|
«Օրինակ՝ կանադական հայտնի Cirque du Soleil-ը («Արևի կրկես» խմբ.) առանց կենդանիների է աշխատում։ Բայց հետխորհրդային երկրներում ելույթների ժամանակ այդ կրկեսը հաջողություններ չունեցավ, որովհետև երեխաները բոլոր այդ երկրներում կրկես գալիս են՝ կենդանիներ տեսնելու, երեխաները կենդանիներ են սիրում։
Իհարկե, իմ վերջին՝ «Հայկական կրկես» գրքում մանրամասն ներկայացնում եմ, որ կենդանավարժությունը կրկեսային արվեստի լավագույն և ամենկարևոր ժանրերից մեկն է։ Բայց, իհարկե, կարելի է նաև առանց կենդանիների, քանի որ օրենքն է այդպես սահմանում։ Մենք կենթարկվենք օրենքին և ներկայացումները կկազմակերպենք առանց վայրի կենդանիների։ Ինչպես ասում են՝ «Մեռնեմ օրենքին» (ծիծաղում է)։ Բայց առանց կենդանիների կրկեսային ներկայացումներն ամբողջական չեն լինում», - ասաց Սոս Պետրոսյանը։
Մեր զրուցակիցը հակված է այն կարծիքին, որ նոր որոշումը հասունացել է առավելապես ռեստորաններում և ժամանցային վայրերում վանդակների մեջ վայրի կենդանիներ պահելն արգելելու պատճառով։
«Դա, իհարկե, վատ է։ Գնում ես ռեստորան, մեկ էլ տեսնում ես՝ բակի ինչ-որ անկյունում՝ վանդակի մեջ, առյուծ է։ Բայց, վերադառնալով մեզ, ասեմ, որ մենք օրենքը սիրող մարդիկ ենք, և նոր կրկեսում կօգտագործենք ավելի շատ ակրոբատիկական, գիմնաստիկական, ձեռնածուական, իլյուզիոն և բոլոր մյուս ժանրերի համարները՝ կոմպենսացնելու կենդանիների բացը», - նշեց Սոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ վայրի կենդանական տեսակների օգտագործումը Հայաստանի կրկեսներում կարգելվի. որոշումն ընդունվել է Ազգային ժողովի՝ մարտի 22-ի նիստում:
Նախագծով սահմանվում է՝ կենդանական աշխարհի պաշտպանության նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետությունում լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: