24/03/2022 20:14
Իմ ունեցած տեղեկատվությամբ՝ ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունները շարունակվում են, ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխ գյուղում․ Մետաքսե Հակոբյան
Ադրբեջանը հույս ունի և ուզում է ցույց տալ, որ Ռուսաստանի «գլուխը խառն է», բայց պետք է փաստել, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողներն իրենց տեղում են և լիարժեք կատարում են իրենց վերապահված գործառույթը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ շփման գիծը խախտելու այսօրվա միջադեպին։
Մեր զրուցակիցը ողջունեց Արցախում առկա իրավիճակի առնչությամբ ՌԴ պաշտոնական արձագանքը՝ այդ թվում՝ գազամատակարարման վերականգնման անհրաժեշտության մասով։
«Սա փաստում է, որ Ռուսաստանը պահում է եռակողմ հայտարարության իր պարտավորությունները։ Հուսով եմ՝ հայկական կողմից ևս արձագանքներ կլինեն։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիներին, պետք է փաստել, որ նրանք հերթական անգամ չպահեցին պայմանավորվածությունը։ Սա պետք է փաստել և հենց սրանով իրենց զսպել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ համոզմունք հայտնելով, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տա հակառակորդին գալ-հասնել ստրատեգիական նշանակություն ունեցող, իրենց համար խիստ ցանկալի վայրերին։
Անդրադառնալով բուն Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակին՝ արցախցի պատգամավորը նշեց, որ ինչպես գյուղացիներն են պատմում, ադրբեջանցիներն այսօր առանց կրակոցի մտել են Փառուխ։
«Այնուհետև փորձել են առաջ շարժվել, և երբ նման փորձ են արել, Խրամորթից կանանց և երեխաներին, անվտանգության նկատառումներից ելնելով, հեռացրել են այլ վայրեր (Խրամորթն ու Փառուխն իրար շատ մոտ գյուղեր են)։ Այժմ, իմ ունեցած, ինչպես նաև պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ռուս խաղաղպահների մասնակցությամբ բանակցությունները շարունակվում են, ադրբեջանցիները շարունակում են մնալ Փառուխ գյուղում»,- ասաց մեր զրուցակիցը։