25/03/2022 19:30
Անմեղ թվացող մթերքներ, որոնք «պետք է» օգնեին նիհարել. Դիետիկ սննդի միֆն ու իրականությունը
Նիհարել ցանկացող և առողջ ապրելակերպ վարել սկսող մարդիկ հաճախ չեն կարողանում ընտրել ճիշտ մթերքներ, որոնք կծառայեն հիմնական նպատակին։ Որոշ մթերքներ «դիետիկ» են համարվում, սակայն իրականում ոչ միայն չեն օգնում նիհարել, այլև չարաշահելու դեպքում կարող են հանգեցնել հակառակ էֆեկտին՝ գիրանալուն։
Aysor.am-ը, փոխելով ձեր պատկերացումները առողջարար և դիետիկ սննդի մասին, ներկայացնում է մի քանի այդպիսի մթերքներ։
Պանրիկներ
Քաղցր պանրիկները առաջին հայացքից կարող են կոնֆետների առողջ այլընտրանք թվալ, և հաճախ հենց այս բացատրությամբ են հաճախորդները դատարկում կաթնամթերքի բաժինը, բայց դրանցում կարագի և շաքարի մեծ քանակության պատճառով նույնպես շատ են կալորիաները։ 30 գրամ պանրիկի մեջ կարող է 300-400 կիլոկալորիա լինել։ Ավելին, միշտ չէ, որ պանրիկներում կա կաթնաշոռ, որպեսզի դրանց մի փոքր օգտակար հատկություններ վերագրենք։ Խորհուրդ է տրվում պանրիկներ գնելիս ուշադիր ուսումնասիրել դրանց բաղադրությունն ու կալորիականությունը։
Ճարպազերծված յոգուրտներ
Ճարպազերծված յոգուրտները սովորաբար եթե շաքար չեն էլ պարունակում, ապա ունենում են դրա փոխարինիչներ, կամ համի տարբեր օշարակներ։ Օրգանիզմի բնականոն աշխատանքի համար, ինչպես պնդում են մասնագետները, անհրաժեշտ է օրական ուտել ոչ պակաս, քան 0,5-0,7 գրամ ճարպ՝ մարմնի մեկ կիլոգրամի հարաբերակցությամբ։
Չորահացեր
Նիհարել ցանկացող շատ մարդիկ հրաժարվում են հացից՝ հօգուտ չորահացերի, բայց խնդիրն այն է, որ դրանք սովորաբար պատրաստում են ալյուրի սպիտակ տեսակներից, մարգարինով և շաքարով, ինչն ավելացնում է կալորիականությունը և չի նպաստում նիհարելուն։
Իսկապես օգտակար չորահացերը բաղկացած են միայն թեփով ցորենից և հացահատիկներից, ուստի, եթե ցանկանում եք չորահաց գնել, ուշադիր հետևեք դրանց բաղադրությանը։
Մեղր
Մեկ գդալ մեղրի մեջ գրեթե 65 կիլոկալորիա կա, դրանում նաև շատ է շաքարի բաժինը։ Մեղրը, ինչպես շաքարը, բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, և եթե շատ մեղր օգտագործվի, դա կարող է հանգեցնել քաշի ավելացման, ուստի այն շաքարի ավելի առողջ այլընտրանք համարել և առանց չափի մասին մտածելու ուտելն այնքան էլ լավ գաղափար չէ։
Փաթեթավորված հյութ
Շատերի համար փաթեթավորված «բնական» հյութը նախընտրելի է գազավորված ըմպելիքներից, բայց իրականում երկուսն էլ միանման վնասակար են, պարունակում են շաքար և կալորիաներ։ Որոշ հյութերում նաև արոմատիզատորներ և ներկանյութեր կան, այնպես որ՝ դրանք օգտակար կամ դիետիկ համարել ոչ մի դեպքում չի կարելի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։