25/03/2022 19:00
Նոր քաղաք, նոր տուն ու միջավայր. Երեխայի ադապտացիան և հոգեբանական ռիսկերը
Տեղափոխվում եք տնից տուն, քաղաքից քաղաք և ունեք մանկահասակ երեխա. այս փոփոխությունը կարող է մեծ խնդիր լինել և հետք թողնել երեխայի հոգեբանության վրա՝ առաջացնելով տարբեր վախեր ու տագնապներ, եթե չկարողանաք վերահսկել իրավիճակն ու օգնել երեխային ճգնաժամի տարբեր փուլերում։
Նման իրավիճակներից խուսափելու համար յուրաքանչյուր ծնող պետք է լինի երեխայի կողքին, կարողանա կառավարել ստեղծված դրությունն ու մտածված ուղղորդումներ տալ խնդրին։
Երեխայի համար շատ կարևոր այս շրջանի մասին Aysor.am-ը զրուցել է մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանի հետ։ Մասնագետն անդրադարձավ երեխային հոգեբանորեն նախապատրաստելու փուլին և կիսվեց ընտանիքի՝ մասնավորապես ծնողների համար կարևոր խորհուրդներով.
«Ցանկացած նոր միջավայրում երեխայի ադապտացիան կարող է դժվար ու մի փոքր էլ սթրեսային լինել, որովհետև երեխաները փոփոխվող իրականությունն այդքան էլ չեն սիրում և նրանց համար երբեմն անհասկանալի է լինում, թե ինչու իրենց միջավայրը, բնակության հասցեն, տունը, կամ մանկապարտեզն, օրինակ, փոխվում է։ Եթե ունենք հնարավորություն այդ փոփոխությունն աստիճանաբար կատարելու, ապա պետք է զրուցել այդ նուրբ թեմայի շուրջ՝ հնարավորություն տալով երեխային ադապտացվելու և հարմարվելու նոր միջավարին ու իրականությանը, պատմելու, ներկայացնելու, թե ինչ է սպասվում իրեն ապագայում։ Հակառակ դեպքում, եթե չկա այդ հնարավորությունը և իրադարձությունը կտրուկ է զարգանում, ապա պետք է երեխայի հետ քննարկել փոփոխվող իրականության նոր միջավայրը», - ասում է նա։
Երեխան մեկ տարեկանից սկսած ապրում է իր ձևավորման ու զարգացման ամենակարևոր շրջանը, երբ իրերը, շրջապատող աշխարհն ու իրականությունն ընկալում է բոլոր զգայարաններով ու հույզերն արտահայտում խոսքի, շարժումների, վարվելաձևերի միջոցով։ Այս փուլում ևս հոգեբանը կարևորեց ծնողի դերակատարումն ու անմիջական մասնակցությունը.
«Եթե տեղափոխվում եք նոր քաղաք, նոր երկիր, ապա պետք է երեխայի հետ ծանոթանանք ամեն ինչին՝ սկսած մանրուքներից։ Երեք տարեկանից երեխային պիտի ներկայացնենք քաղաքը, առանձնահատկությունները, որպեսզի երեխան տեսնի և զգա այդ վստահելի ու հասկանալի միջավայրն ու մթնոլորտն իր շուրջը», - ասում է Վարսի Սենեքերիմյանը։
Փաստ է, երբ ցանկանում ես տարբեր իրավիճակներում հասնել դրական արդյունքի, առաջին հերթին ինքդ պիտի լինես տրամադրված, ինքնավստահ և հավատաս այն ամենին, ինչ կատարվում է։ Այս պարագայում ծնողի դերակատարումը նույնպես մեծ է։
Հոգեբան Վարսի Սենեքերիմյանը զրույցի վերջում տվեց ամենակարևոր և առաջնային խորհուրդը ծնողներին.
«Որքան էլ դժվար լինի դուք ինքներդ պետք է լինեք դրական տրամադրված յուրաքանչյուր փոփոխության հանդեպ, որպեսզի երեխան ձեզնից զգա ցանկալի հանգստությունն ու ապահովությունը»։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։