25/03/2022 18:10
Հնարավո՞ր է արդյոք հաղթահարել կակազությունը, ո՞ր դեպքերում է այն առաջանում
Բժշկական հանրույթը ամենատարբեր սահմանումներ է տալիս կակազությանը․մի մասն այն համարում է խոսքի տեմպի ու ռիթմի բնածին կամ ձեռքբերովի խանգարում, մի մասն ուշադրություն է հրավիրում կակազության ժամանակ ջղաձգումների վրա և այն բնորոշում որպես խոսքի խանգարում՝ արտահայտվող արտիկուլյար ապարատի մեկ կամ մի քանի մկանների պարբերական լարվածությամբ և կծկմամբ։
Անկախ այս և այլ սահմանումներից, կակազությունը եղել և մնում է լոգոպեդիայի ամենալուրջ խնդիրներից մեկը։ Աշխարհի տարբեր երկրների գիտնականների հետազոտությունների համաձայն, այս պաթոլոգիան մոլորակի բնակչության 2 տոկոսի մոտ է հանդիպում՝ 7 միլիարդից 140 միլիոն մարդու մոտ։ Ընդ որում, հստակ վիճակագրություն կազմում են միայն զարգացած երկրները, ինչը նշանակում է, որ կակազությամբ տառապողների թիվը շատ ավելի մեծ է։
Կակազությունը հիմնականում զարգանում է նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում և, ցավոք սրտի, առանց մասնագետի միջամտության ու օգնության, չի անցնում։ Բացի այդ, բոլոր դեպքերում չէ, որ խոսքի խանգարումները վերանում են 100 տոկոսով։
Ի վերջո, ինչու՞ է երեխայի մոտ կակազություն առաջանում և ի՞նչ է պետք անել, որպեսզի խոսքի խանգարումը չզարգանա ու վերջնականորեն չազդի նրա կյանքի որակի վրա։
Կան մի քանի գործոններ, որոնց առկայությամբ պայմանավորված՝ կարող է կակազություն առաջանալ։ Սոցիալական գործոնը քիչ դերակատարում չունի․ պետք է դիտարկել, թե ինչ միջավայրում է զարգանում երեխան։ Որպես կանոն, շատ մեծ բացասական ազդեցություն ունի սթրեսը․ սթրեսային իրավիճակները, որոնցում այս կամ այն հաճախականությամբ հայտնվում է երեխան․ անվերջ վիճաբանությունները, չընդհատվող ու անհարկի դիտողությունները, կոնֆլիկտները, երեխային շատ հաճախ պատժելը և, իհարկե, ավտորիտար դաստիարակությունը՝ ընդհանուր առմամբ, որն իր հետքն է թողնում երեխայի ոչ միայն վարքագծի, այլև հոգեբանության վրա։
Մեկ այլ էական գործոն է համարվում գլխուղեղի աշխատանքի օրգանական խանգարումները։ Առաջացման պատճառները տարբեր են՝ սկսած հղիության ժամանակ պտղի հիպոկսիայից, վերջացրած ինֆեկցիոն հիվանդությունների՝ էնցեֆալիտի, մենինգիտի հետևանքներով։ Այս շարքում տեղավորվում են նաև տրավմաները՝ վնասվածքները։
Կակազությանը նպաստող գործոններից են նաև արտիկուլյար ապարատի ֆունկցիոնալ ակտիվության կամ շարժունության խանգարումները, օրինակ՝ խոսքային ապարատի կառուցվածքի բնածին արատները՝ «նապաստակի շուրթերը», «գայլի երախը», անգամ եթե դրանք ժամանակին, ամենավաղ տարիքում են վերացվում։ Ռիսկն ավելի է մեծանում, եթե արատը վերացնելու հարցում ծնողները հապաղում են։
Կան նաև ավելի քիչ հանդիպող պատճառներ՝ լեզվի կարճ սանձիկը, գանգոսկրերի կամ ծնոտի կառուցվածքի փոքր խախտումները և այլն։
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց ժառանգականության գործոնն էլ դերակատարում ունի։ Պնդել 100 տոկոսով, որ կակազող հայր կամ մայր ունեցող երեխայի մոտ նույնպես կզարգանա պաթոլոգիան, ճիշտ չէ, բայց ռիսկ, այնուամենայնիվ, կա։
Նշված բոլոր գործոնները ոչ թե կակազության առաջացման բուն պատճառ են, այլ ընդամենը նախատրամադրվածություն են ստեղծում։ Կակազությունը երբեմն ուղեկցվում է միանգամից մի քանի գործոնների առկայության դեպքում, գումարած՝ անձի ֆիզիոլոգիական ու հոգեբանական առանձնահատկությունները։ Այդ պատճառով անհրաժեշտ է լոգոպեդին մանրամասն ներկայացնել բոլոր այն տվյալները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են խոսքի խանգարմանը։ Դա կօգնի մշակել թերապիայի արդյունավետ գործիքներ։
Կակազության բուժման մեթոդները տարբեր են։ Այն վերացնելու կամ նվազեցնելու, այդպիսով՝ երեխայի կյանքի որակը բարձրացնելու մի քանի էֆեկտիվ տարբերակներ կան, որոնք կիրառվում են՝ ըստ տարիքային առանձնահատկությունների։
Նախադպրոցական տարիքի երեխաների կակազության շտկման ամենաարդյունավետ մեթոդները կիրառվում են մի քանի ամսից մինչև մեկ տարի ժամանակահատվածում՝ ըստ ընտրված թերապիայի։ Խոսքի շտկման տեխնոլոգիաները տարբեր են՝ սկսած անմիջական միջավայրում հատուկ խաղեր կազմակերպելուց, վերջացրած ամենօրյա պարապմունքներով, որոնց ժամանակ ինչպես խոսքն, այնպես էլ երեխայի անձնական որակներն են զարգացնում՝ հատուկ վարժությունների միջոցով․ սկսում են ամենապարզից և աստիճանաբար բարդացնում են դրանք։ Կիրառվում է նաև այս տրամաբանությամբ ուղեկցվող փուլային թերապիա․ ամենավերջին փուլում ամրագրվում են նախորդ փուլերում արձանագրված արդյունքները։
Խոսքի շտկումը հարկավոր է սկսել 2-ից 3 տարեկանից։
Անչափահասների կա մեծահասակների կակազության շտկման տեխնոլոգիան տարբերվում է երեխաների համար կիրառվող տեխնոլոգիայից։ Հետխորհրդային երկրներում ամենատարածված ու ավելի հասանելի մեթոդները ստացիոնար բուժում են պահանջում՝ ուղեկցվող թերապևտիկ համալիր միջոցառումներով։ Հիվանդը գտնվում է նյարդաբանի, հոգեթերապեվտի և լոգոպեդ-դեֆեկտոլոգի հսկողության ներքո։ Գոյություն ունի նաև ստացիոնար և ամբուլատոր բուժման հերթագայությամբ ուղեկցվող ավելի երկարատև կուրս՝ որոշակի ընդհատումներով, որպեսզի հիվանդը քիչ ծանրաբեռնվի, իսկ արդյունքն ավելի կայուն լինի։
Մեծահասակների կակազության շտկումը, սակայն, մի բացասական կողմ ունի․ կրկնվելու հավանականությունն ավելի մեծ է, քան փոքրերի մոտ։ Նման դեպքերում բուժման կուրսը կրկնում են։
Լոգոպեդիայում աստիճանաբար սկսում են կիրառել նաև կակազության բուժման ինովացիոն մեթոդներ։
Խոսքի խանգարումները կամ կակազությունը կանխելու մի քանի ընդհանուր կանոններ ու դրույթներ կան, որոնց օգտակար է հետևել։
Լոգոպեդներն ու հոգեբանները խորհուրդ են տալիս զերծ մնալ երեխային անվերջ կոպտելուց, անընդհատ դիտողություններ անելուց, ընտրել դաստիարակության ավելի մեղմ եղանակ։
Ինֆորմացիան երեխային պետք է «դոզավորված», չափավոր մատուցել և չծանրաբեռնել նրա ուղեղը։
Քնի հստակ ռեժիմ, ինչպես նաև բազմազան ու որակյալ, վիտամիններով հարուստ սննդակարգ սահմանել։
Խուսափել այնպիսի իրավիճակներից ու երևույթներից, որոնք երեխայի մոտ վախ կարող են առաջացնել։
Շատ շփվել ու խոսել երեխայի հետ, դրդել նրան արտահայտելու մտքերը, զգացմունքները։
Զերծ մնալ վաղ տարիքում միանգամից երկու լեզու սովորեցնելուց, սպասել, մինչև երեխան կմեծանա։
Գրքեր, հեքիաթներ կարդալ երեխայի համար։
Նպաստել երեխայի սոցիալականացմանը։ Երեխան չպետք է նստի տանը և ինքնամեկուսանա։ Հասակակիցների հետ հաճախակի շփումները անձի զարգացման, անհատականության և հուզական կայուն դաշտի ձևավորման ամենակարևոր երաշխիքն են։
Տանը հարկավոր է ստեղծել հանգիստ, ջերմ ու դրական մթնոլորտ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։