25/03/2022 13:20
Ադրբեջանը ծանր գին վճարելով է փորձում է ամրանալ Քարագլխում. ովքեր փորձում են Ռուսաստանի համար նոր ճակատ բացել, շատ ավելի կոշտ հակազդման են արժանանալու. Տիգրան Աբրահամյան
Արցախում Քարագլխի նկատմամբ վերահսկողություն ունեն հայկական համապատասխան ուժային ստորաբաժանումներն ու ռուս խաղաղապահները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա ասաց, թե Ադրբեջանի գլխավոր նպատակը՝ հասնել Քարագլխի այն հատվածին, որը նրան լիակատար վերահսկողության հնարավորություն կտար, չի հաջողվել. ռուս խաղաղապահները մի քանի հատվածից կանխել են ներխուժումն ու հայկական ստորաբաժանումները փակել են ներթափանցման ուղղությունները։
Իրավիճակը սրանով, սակայն, ըստ պատգամավորի, չի հանգուցալուծվել. փաստացի, Փառուխի ու Փառուխի հարակից հատվածների նկատմամբ Ադրբեջանը շարունակում է վերահսկողություն սահմանել։
«Ես տեղեկություն ունեմ, որ Ադրբեջանը փորձում է այդ հատվածներում, որտեղ ապահովել է ներխուժումը, ամրաշինական աշխատանքներ իրականացնել, ինչը դժվարացնում է բանակցությունների գործընթացը», - ասաց Աբրահամյանը։
Հարցին, թե Քարագլուխը մեզ համար ռազմավարական ի՞նչ նշանակություն ունի ու ինչո՞ւ է թշնամին ամեն գնով ցանկանում հասնել այդ բարձունքին, Աբրահամյանն ասաց, թե այդ բարձունքը հնարավորություն է տալիս Ասկերանի ուղղությամբ բավականին կարևոր հատվածներում ճանապարհների, հարակից հատվածների նկատմամբ վերահսկողություն հաստատել։
«Դա բավականին մեծ տեսադաշտ ունի դեպի Ակնա՝ նախկին Աղդամի ուղղություն, ու այդ ռազմավարական բարձունքի նկատմամբ վերահսկողությունը բավականին մեծ ռազմավարական խնդիրներ է լուծում ու, կարծում եմ, դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը փորձում է ամրանալ ու դա անում է բավականին ծանր գին վճարելով, որովհետև ադրբեջանական ներխուժումը ոչ միայն նոյեմբերի 9-ի փաստաթղթի խախտում է, որի երաշխավորն է նաև Ռուսաստանը, այլև՝ սա հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու Ռուսաստանի համար այն առումով, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի գնաժամի պայմաններում, ովքեր փորձում են Ռուսաստանի համար նոր ճակատ բացել, բնական է, որ Ռուսաստանի շատ ավելի կոշտ հակազդմանն են արժանանալու, քան՝ մեկ այլ պայմաններում», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։