25/03/2022 10:00
«Հրապարակ». Թավշյաները երբևէ հարկ կհամարեն բացահայտել, թե այդ ինչ սև անցքեր են իրենց անցյալի էջերում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանավորների պաշտոնական կենսագրություններից երբեմն թաքցվում են ինչ-որ փաստեր, անգամ բացակայում են ժամանակի հսկա հատվածներ։ Այդ տարիներին մարդը, որն այսօր բարձր պաշտոն է զբաղեցնում, չի աշխատել, չի սովորել, կարծես՝ չի ապրել։
Ներքոշարադրյալ տեղեկությունները վերցրել ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականներից: Այսպես․ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի կենսագրականում բացակայում է 2014-2015թթ․ հատվածը, Հովիկ Աղազարյանի կենսագրականում չկա 1998-2015 թթ․ հատվածը, Մաթևոս Ասատրյանի կենսագրականում՝ 2008-2012թթ., Վիլեն Գաբրիելյանի՝ 2009-2013 թթ., Վիգեն Խաչատրյանի՝ 1999-2007թթ. և 2017-2021թթ., Վահե Ղալումյանի՝ 1998-2001թթ. հատվածը, և այսպես շարունակ:
Վահագն Ալեքսանյանի դեպքում գրված է՝ 2019 թվականին ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» բաժնի մագիստրատուրան: Այս բուհում մագիստրոսական ծրագիրը 2 տարի է:
Այսինքն, Ալեքսանյանն արդեն պիտի ավարտած լիներ, և այդ մասին նշվեր պաշտոնական կենսագրությունում՝ կա՛մ կիսատ է թողել ուսումը, կա՛մ չի կարողանում ավարտել: Հուսանք, սույն թավշյաները երբևէ հարկ կհամարեն բացահայտել, թե այդ ինչ սև անցքեր են իրենց անցյալի էջերում»։